Բաժիններ՝

Օրբանը ստիպված է եղել ևս մեկ անգամ բացատրություններ տալ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ստիպված է եղել կրկին բացատրություն տալ պատգամավորների առջև ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպանին արտահանձնելու Հունգարիայի կառավարության որոշումը նա արդար է համարել:

«Արմենպրեսը»` վկայակոչելով հունգարական Politics.hu կայքին, տեղեկացնում է, որ  խորհրդարանական նիստի ընթացքում Օրբանը հերքել է ընդդիմադիր Սոցիալիստների այն խոսակցությունները, թե կառավարությունը Սաֆարովին հայրենիք արտահանձնելու վարաբերյալ որոշում է կայացրել` ելնելով ֆինանսական նկատառումնեից: Վարչապետը նաև նշել է, որ Հունգարիայի իրավական պրակտիկայում միշտ բանտարկյալին թույլ կտրվի շարունակել կրել պատիժը հայրենի հողում, եթե տվյալ պետությունը պահանջում է դա: «Հունգարիայի կառավաությունն այս հարցում հաշվի է առել միջազգային իրավունքի նորմերը և դիվանագիտությունը»,- ասել  նա:

Սոցիալիստները կոչ են արել կառավարությանը բացահայտել և հրապարակել բոլոր փաստաթղթերը` կապված Սաֆարովի արտահանձման հետ: Իսկ Հունգարիայի օմբուդսմենը պահանջել է համապարփակ զեկույց ներկայացնել: Այս առիթով Մատե Սաբոն` Հունգարիայի հիմնական իրավունքների օմբուդսմենը նշել է, որ օգտվելով իրեն` օրենքով վերապահված իրավունքից, պատասխան է սպասում հանրային կառավարման և արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչից արտահանձման նախապատրաստման, հունգարական կառավարության որոշումը հիմնավորող հանգամաքների, պատճառների, ադրբեջանական կառավարության կողմից տրված կոնկրետ գրավոր պարտավորությունների, ինչպես նաև արտահանձնումից անցած ժամանակաշրջանում կատարված կամ կատարման նախատեսվող քայլերի մասին:

Օմբուդսմենն իր նամակում, որին օրենքով սահմանված 15 օրում պետք է պատասխանել, հիշեցրել է, որ հունգարական օրենքների համաձայն, արտահանձնումը միայն այն դեպքում է կարելի կատարել, եթե երկրորդ կողմը երաշխավորում է Հունգարիային, որ դատապարտյալը բանտում է անցկացնելու բանտարկության ժամկետի մնացած ժամանակը: Սաֆարովին, սակայն, Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել և որպես ազգային հերոսի են ընդունել այդ երկրում:

Նախարարին նման խնդրանքով են դիմել նաև խորհրդարանի սահմանադրական հարցերի հանձնաժողովի անդամներից մեկը` սոցիալիստ Գերգեյ Բարանդին: Տիբոր Նավրաչիչը պատգամավորին թույլ է տվել զննել փաստաթղթերը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում:

Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիևի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով և հերոսացրին:

Միջազգային տարբեր կառույցներ, գերտերություններ հանդես եկան Ադրբեջանի քայլը դատապարտող հայտարարություններով: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս