Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը դեռևս որևէ տեղեկություն չունի օգոստոսից հացադուլի մեջ գտնվող Վիգենից. «Փաստինֆո»

Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը դեռևս որևէ տեղեկություն չունի դեռ օգոստոսի սկզբից հացադուլի մեջ գտնվող Վիգենից. այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է արգենտինաբնակ միջազգային իրավաբան Լուչիանա Մինասյանը։

«Ընտանիքն ակնկալում է, որ առաջիկա օրերին Վիգենը կզանգահարի և նրանից որևէ տեղեկություն հնարավոր կլինի ստանալ»,-հավելել է իրավաբանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իրենք նամակ են հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ացելել ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Էուլջեքջյանին, սակայն ոչ միայն պատասխան չեն ստացել, այլև մամուլից որևէ տեղեկություն չունեն ՄԻՊ-ի այցելության մասին։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքջյանն ընտանիքի սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ անակնկալ զանգ են ստացել Վիգերից, որի ընթացքում հայ գերին հայտնել էր, որ արդեն 20 օր հացադուլի մեջ է։ Դրանից հետո որևէ տեղեկություն ընտանիքը նրանից չի ունեցել։

Հիշեցնենք, որ 46-ամյա Էուլջեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։

Սա Էուլջեքջյանի ձեռնարկած առնվազն երրորդ հացադուլն է վերջին տարիներին։ 2023 թվականին նա 24 օր հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ իր գերեվարողները հրաժարվել էին թույլ տալ նրան կնոջ հետ խոսել արաբերեն՝ պնդելով, որ նա փոխարենը խոսի հայերեն՝ մի լեզվով, որը կինը չի հասկանում։
Այս տարվա մայիսին նա երկշաբաթյա հացադուլ հայտարարեց, քանի որ նրան ընդհանրապես թույլ չտվեցին զանգահարել կնոջը։ Դրանից հետո նրան թույլատրվեց զանգահարել կնոջը ամիսը մեկ անգամ։ Հունիսին նրա հեռախոսազանգը, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր էր դարձել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ։

Գերության հինգ տարիների ընթացքում Էուլջեքջյանը ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնությունների։ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» զեկույցի համաձայն՝ երբ Էուլջեքջյանը գերեվարվել էր, նրան ծեծել են մինչև գիտակցության կորուստը։ Նա նաև ենթարկվել է կեղծ մահապատժի։ Հեռուստատեսային հարցաքննությունների ժամանակ Էուլջեքջյանի ձեռքի վրա, որտեղ նախկինում խաչի դաջվածք ուներ, երևում են այրվածքներ, ինչից ենթադրվում է, որ այն այրել են։

Տեսանյութեր

Լրահոս