«Իշխանությունը պետք է կանգ առնի, ինչքան շուտ, այնքան լավ իր համար». Գոհար Մելոյան
Իշխող ուժը որդեգրել է իրավական պետության իրավանորմերի մեջ աբսուրդի թանգարանների նմուշներ ստեղծելու քաղաքականություն և շարունակում է չզարմացնել իր նախաձեռնությունների ոչ իրավական և հակասահմանադրական բնույթով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կայքում հրապարակվել էր տեղեկություն փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին, իսկ նիստի օրակարգում ընդգրկված էին «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Ավելի ուշ՝ Ազգային ժողովի կայքից այս տեղեկատվությունը հեռացվեց։
Հարցազրույցը տեսագրելուց հետո ԱԺ կայքում վերատեղադրվեց արտահերթ նիստ գումարելու մասին նույնաբովանդակ տեղեկությունը: Մի քանի ժամից, մինչ կհրապարակվեր հարցազրույցը 168.am կայքում, խորհրդարանի պաշտոնական կայքում նոր փոփոխություն եղավ՝ տեղադրվեց հաղորդագրություն ԱԺ նախագահի նոր որոշման մասին, ըստ որի՝ «անվավեր է ճանաչվել Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի հունվարի 30-ի որոշումն արտահերթ նիստ գումարելու մասին»: Որոշմամբ առաջարկվել է նաև փետրվարի 6-ին արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ գրությունը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի մի քանի հոդվածի պահանջներին:
Իսկ հարցազրույցի ընթացքում խոսելով վերը նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունների մասին՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշեց, որ դրանցով փորձ է արվում սահմանադրական փոփոխությունների, հանրաքվեների պարագայում այլևս անհրաժեշտ չհամարել Սահմանադրական դատարանի՝ օրինագծի սահմանադրականության վերաբերյալ դիրքորոշումը։
Ըստ Մելոյանի՝ առաջարկվում է կարգավորում, որով փորձում են շրջանցել Սահմանադրությունը և նախագահին զրկել, օրինակ, Սահմանադրական փոփոխություների մասին նախագիծը ստորագրելու իրավունքից, «իսկ առաջարկվող այդ բոլոր փոփոխությունները նշանակում են, որ մենք ուղիղ քայլերով գնում ենք ավտորիտար պետություն դառնալու ճանապարհով»։
«Իշխանությունն այնքան չի կարողանում այլ կարծիք լսել, որ որոշել է այլ կարևոր մարմիններին մեկուսացնել փոփոխություններ անելու ճանապարհից։ Սա աննախադեպ իրավիճակի շարունակությունն է, չէ՞ որ աննախադեպ իրավիճակ է կառավարությունում, որտեղ չկա կոալիցիա, աննախադեպ իրավիճակ է Ազգային ժողովում, որտեղ առկա է մեկ ուժի մեծամասնություն, դրա համար էլ իշխանությունն այլ մարմինների հետ կոնսենսուսի չի փորձում գնալ»,- ասաց Մելոյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը փորձ է անելու մինչև Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներն իրականացնել որոշակի սահմանադրական փոփոխություններ, որպեսզի լուծի, իր բառերով ասած, ճգնաժամը։
«Ձեռքի հետ էլ մի կարգավորում են առաջարկում, որով նախատեսվում է փոփոխել դատավորների ընտրության կարգը, որը մինչև այժմ տեղի էր ունենում միայն ԱԺ հերթական նիստում։ Հիմա հերթական բառը փոխարինում են արտահերթ բառով, որպեսզի կարողանանան արտահերթ նիստով արագ-արագ Սահմանադրական դատարանի դատավորներ ընտրել գործող կազմից ազատվելուց հետո»,- ասաց Մելոյանը։
Ըստ սահմանադրագետի՝ նախաձեռնելով նման օրենսդրական փոփոխություններ՝ փորձելու են լուծել նաև Սահմանադրության անցումային եզրափակիչ 213 դրույթով նախատեսված կարգավորման՝ ՍԴ անդամ/դատավոր-նախագահ հետագա պաշտոնավաման հարցը։
«Փորձելու են այստեղ փոփոխություն անել և որոշել նաև այդ հարցին լուծում տալ, սակայն դա չեն կարող անել, որովհետև այդ դրույթը մեկանգամյա օգտագործման իրավական ակտ է և մեկ անգամ գործելուց հետո այլևս ուժ չի կարող ունենալ, հետևաբար, եթե այդ 213 դրույթի հետ կապված էլ փոփոխություն անեն, ապա հետագայում խնդիր են ստեղծելու իրենց համար, քանի որ ցանկացած փոփոխություն դուրս է լինելու իրավամեկնաբանության սահմաններից»,- ասաց նա։
Մելոյանի փոխանցմամբ՝ այնուամենայնիվ, եթե իշխանությունը վերջնականորեն ոտնահարի անձեռնմխելիության ինստիտուտը, և Հրայր Թովմասյանը կալանավորվի, ապա նրա բացակայությունը կաթվածահար չի անի Սահմանադրական դատարանի աշխատանքը։
«Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել, վախի մթնոլորտ ստեղծել նաև դատավորների վրա, բայց կարծում եմ՝ դժվար հաջողվի այդ դատավորների վրա նման միջոցներով ազդեցություն գործել»,- ասաց Մելոյանը։
Սահմանադրագետը չբացառեց, որ իշխանության կողմից այս ակնհայտ շտապողականության պատճառը նաև Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ ուղարկված դիմումներն են, և նպատակ ունեն ՍԴ-ում ունենալ նոր դատավորներ, որոնք այդ դիմումները ետ կվերցնեն։
«Գուցե սա էլ պատճառներից մեկն է, չէ՞ որ մենք ականատես եղանք, թե ինչպիսի անհանդուրժողականությամբ արձագանքեց իշխող ուժն այդ դիմումներին, ինչն ինձ համար զարմանալի էր, որովհետև ենթադրվում էր, որ ՍԴ-ի այս քայլը պետք է ողջունեին, որովհետև ցանկացած խորհրդատվական կարծիք ողջունելի է»,- ասաց Մելոյանը։
Սահմանադրագետի համոզմամբ՝ ինչպես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, այնպես էլ «Մարտի 1»-ի գործի քննությունը պետք է ընթանային առանց գործադիր մարմնի միջամտության, սակայն, ցավալիորեն տեղի է ունենում ճիշտ հակառակը։
«Այս գործողություններն իրավական և ժողովրդավարական պետություններին հարիր չեն։ Իշխանությունը պետք է կանգ առնի, և ինչքան շուտ, այնքան լավ իր համար»,- ասաց Մելոյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում