«Այո՛, Նիկոլ Փաշինյանը նախկինում եղել է քաղաքական առևտրի մեջ նախկին իշխանությունների հետ». Արթուր Համբարձումյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՇՊՀ դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանի հետ:
– Պարոն Համբարձումյան, ընդդիմադիր մի քանի գործիչների նկատմամբ ոստիկանության կատարած գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, դրանք իշխանությունների կողմից ճնշումնե՞ր, ընդդիմադիր գործիչներին լռեցնելու փորձե՞ր էին, թե՞ օրինաչափ գործողություններ:
– Սա ո՛չ քաղաքական հետապնդում էր, ո՛չ լռեցնելու փորձ էր, սա սովորական ծեծել տալ էր: Կան մարդիկ, որոնք գալիս են իշխանության և այդ իշխանությունն օգտագործում են իրենց ներքին վախերի, վրեժի բնազդային հակումներին հագուրդ տալու համար: Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն էր՝ մի կողմից, մյուս կողմից՝ ոստիկանապետի պաշտոնակատարի կողմից իր տիրոջն անվերապահորեն ծառայելու գործողություն էր:
– Որոշ շրջանակներ փորձում են Ֆեյսբուքում տարածել և կարծիք ձևավորել, թե կատարվածը ոստիկանության սադրանքն էր՝ այդպիսով նաև առաջ քաշելով ոստիկանության և ԱԱԾ-ի վերափոխման անհրաժեշտության հարցը:
– Չեմ ուզում մեկնաբանել դա, բայց մեկ այլ հետաքրքիր դեպք էլ տեղի ունեցավ, որը կարծես վրիպեց լրագրողների աչքից. ԿԳՄՍ նախարարը հետաքրքիր գրառում էր կատարել Բանակի օրվա կապակցությամբ, բայց այն միայն Բանակի օրվան չէր վերաբերում, այլ նաև՝ որոշ ընդդիմադիր գործիչների ծեծել տալուն: Ինքը մեջբերում էր արել, որտեղ ասվում էր. «Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք. այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք»:
– Բայց դա Բանակի օրվա առիթով մեջբերում էր:
– Ես կարծում եմ, որ այս գրառման հասցեատերը ոչ թե սահմանից այն կողմ կանգնած մեր հակառակորդն է, այլ այն մարդիկ են, որոնց իրենք թշնամի են համարում և ծեծել են տալիս:
– Ո՞րն է «ծեծել տալու» նպատակը:
– Այդ մարդիկ քննադատել են իշխանություններին, բացահայտումներ են արել, չեն համաձայնել, երբեմն վիրավորել են. ծեծել տալու նպատակն այն է, որ վրեժ լուծեն: Միգուցե ուզում են նաև լռեցնել, բայց առաջին նպատակը վրեժ լուծելն է: Իրենք ասում են՝ փնտրում ենք զենք, թմրանյութ, այդ պատրվակով պառկեցնում են գետնին, իրենց թվում է, որ իրենց արևին՝ նվաստացնում են այդ երիտասարդներին, այդ ամենը դիտող երկրի վարչապետը նայում է, ուրախանում է և սրտին յուղ է քսում: Հետո ասում են՝ ձեր գրպանում թմրանյութ չենք գտել, կներեք, գնացեք տուն: Մինչ այդ՝ մարդկանց ծեծել են, իրենց արևին՝ նվաստացրել են, և այս ամենի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:
– Նախկին իշխանությունների ժամանակ Դուք դարձյալ ընդդիմադիր էիք, ձեզ մոտ փորձե՞լ են զենք-զինամթերք կամ թմրանյութ փնտրել, պառկեցնել ասֆալտին:
– Ես հրապարակային քաղաքական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 2010-11թթ., և մշտապես զգացել եմ նախորդ իշխանությունների հսկողությունն իմ ու իմ հարազատների նկատմամբ, բայց այսպիսի այլանդակություններ տեղի չեն ունեցել: Իհարկե, եղել են քաղաքական հետապնդումներ, բայց սա քաղաքական հետապնդում չէ, սա ծեծել տալ է, և ԿԳՄՍ նախարարի գրառումը, վստահ եմ՝ առաջին հերթին վերաբերում էր այդ երիտասարդներին: ՀՀ-ում վաղուց ականատես չենք լինում քաղաքական գործընթացների: Ես ասացի, որ 2010-11թթ. սկսած քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել, և մինչև 2018թ. իմ բոլոր հարցազրույցները, բանախոսությունները, այսպես թե այնպես, ուղղակիորեն վերաբերել են քաղաքականությանը: Ինձ նման շատ-շատերի խոսքը եղել է քաղաքական, սակայն, հիմա, երբ ՀՀ-ում չկա քաղաքականություն, մենք խոսում ենք ընդամենը մեկ մարդու կողմից իրականացվող այլանդակությունների մասին: Սա քաղաքականություն չէ: Բոլոր գործողությունների տակ պետք է փնտրել միայն անձնական, ներքին ցածր մոտիվացիա:
Ես չեմ պատկերացնում ինչ-որ մեկին, ով վախենա Նիկոլ Փաշինյանից: Ես կարող է վախենամ նույնիսկ 18-20 տարեկան երիտասարդին իմ տան դիմացից քշել, ով բարձր ռաբիս երաժշտություն է միացնում, բայց Փաշինյան Նիկոլի ինչի՞ց վախենաս: Զավեշտ է ուղղակի: Ինքը ուզում է ուժեղ տղա լինել, կամուֆլյաժ է հագնում, փողոցներով է շրջում, ուզում է, որ մարդիկ իրենից վախենան, սթափվեն, զգաստանան, բայց դա չի ստացվի: Նախկինում նման «զամաշկեք» ինքը չի ունեցել, կամ ես չեմ նկատել:
– Կապանում ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նոր ընդդիմությունը պետք է իշխանության հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից դուրս գա, որովհետև մեր իշխանությունը չի անում քաղաքական առևտուր»: Դուք ՔՊ համահիմնադիրներից եք, այն ժամանակվա ընդդիմություններից մեկն էլ «Քաղաքացիական պայմանագիրն» էր, իշխանության հետ առևտրի գնացե՞լ եք:
– Ինչպես հետագայում պատմական իրադարձությունները ցույց տվեցին, ՔՊ-ում կային բազմաթիվ մարդիկ, ովքեր շատ տարբեր էին, և այո՛, Նիկոլ Փաշինյանը նախկինում եղել է քաղաքական առևտրի մեջ նախկին իշխանությունների հետ: Երևի իր անձնական փորձից ելնելով է նման եզրահանգումներ արել:
– Առհասարակ գործող իշխանության վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ արդյո՞ք սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ է, թավշյա՞ է, ինչպես իրենք են հայտարարում:
– Սիրո, համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտն իրենք ամբողջությամբ պղծեցին, և ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ տարածեցին: ՀՀ-ում չկա սեր, չկա հանդուրժողականություն, և դրա առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Կապանում շատ հետաքրքիր բան ասաց՝ այս իշխանությունը ոչ թե քաղաքական գործառույթ է իրականացնում, այլ քաղաքակրթական: Հասկանո՞ւմ եք՝ դա ասում է մարդ, ում խոսքը թաղի խուժանի սլենգից չի տարբերվում: Արդեն ապացուցված է, որ իշխանությունն ունի ֆեյքերի բանակ, ովքեր ընդդիմախոսներին հայհոյում են, որպեսզի նրանք լռեն: Մի անգամ նա ասաց, թե շատ կուզենար, որ հայ և ադրբեջանցի օգտատերերի մեջ նորմալ երկխոսություն լինի սոցցանցերում, բայց երբ իրեն հարցրին, որ հայ օգտատերերն են իրար հայհոյում, մի՞թե ժամը չէ, որ ձեր կոչն անեք ոչ թե ադրբեջանցիներին և հայերին, այլ՝ հայերին և հայերին, նա պատասխանեց՝ ժողովուրդ ջան, դե ի՞նչ անենք, մեզ էլ են հայհոյում, բայց ինձ հակառակն են ասում: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում…
Այս 2 տարվա ընթացքում մոտ 1500 օգտատեր մեկնաբանություններով կամ անձնական նամակներով ամենավերջին հայհոյանքներն են գրել ինձ: Ովքե՞ր են դրանք: Իմիջիայլոց, Փաշինյան Նիկոլին ասել եմ՝ սա իր կողմից կազմակերպված լկտիություն է: Փաշինյանը մտել է իմ տուն, մի բաժակ ջուր է խմել, և հետո իմ վճարած հարկերով մարդկանց ուղղել է իմ դեմ: Ես իրեն ասել եմ՝ չգիտեմ՝ դու ինձ ում դեմքով ես հայհոյում, ես այդ հայհոյանքները քեզ ուղղելու եմ իմ դեմքով:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի գրիչի նկարը հրապարակելուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը դարձել է ընդդիմություն և ներքաշվել հիբրիդային հեղաշրջման մեջ: Հրայր Թովմասյանը երեկ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ պատասխանեց այդ հայտարարությանը՝ ասելով, որ սկզբունքորեն չի կարող գործող իշխանությանն ընդդիմություն լինել, նշեց, որ քաղաքականությունն իր կյանքում ավարտված է, և հիմա ինքը ՍԴ դատավոր է: Նա նաև հորդորեց զգույշ լինել՝ հեղափոխություն, հեղաշրջում տերմինները գործածելիս, և ասաց, որ չգիտի, թե ինչ է հիբրիդային հեղաշրջումը: Ձեզ համար ո՞ւմ փաստարկներն են ավելի համոզիչ՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Հրայր Թովմասյանի:
– Այն մարդը, ով ասում է, որ ՍԴ նախագահը դարձել է ընդդիմություն, ինքը բացարձակապես պետության կառավարման համակարգի մասին պատկերացում չունի: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է դատավորը դառնալ ընդդիմություն: Սա ուղղակի անմեկնաբանելի արտահայտություն է: Անհնար է, որ ՍԴ նախագահը դառնա ընդդիմություն, դա ինչպե՞ս կարող է լինել: Փաշինյանի խոսքը շատ դժվար է մեկնաբանել, որովհետև այնտեղ չկա որևէ տրամաբանական նարատիվ:
– Իսկ հրապարակված 100 փաստերի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:
– Նիկոլ Փաշինյանը դարձել է երկրի չարիքը. նա առավոտից երեկո խաբում է մարդկանց, այն աստիճանի է հասարակությունը երկփեղկել, որ մենք մոտենում ենք քաղաքացիական բախումներին: Նիկոլ Փաշինյանն ինչքան անարժան մարդ կա՝ լցրել է ԱԺ, և նա իր իշխանությունն օգտագործում է, որպեսզի իր ցածր ներքին բնազդները բավարարի:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում