Բաժիններ՝

«Մսի կարգի որոշումը և մսի որակի բժշկի թուղթը կարող են պարունակել կոռուպցիոն ռիսկեր». «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանը հունվարի 17-ին հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և ֆերմերների հետ:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը պարզաբանել է, որ սպանդանոցները խոզերի սպանդն իրականացնելու են՝ առավելագույնը 5.000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3.500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10.000 ՀՀ դրամով: Իսկ ողջ  կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա կիրականացվի անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով:

Սպանդանոցների անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան՝ ասվել է, որ այս պահին արդեն գործող 25 սպանդանոցների հզորությունները կարող են բավարարել Երևանի մսի պահանջարկը:  Ավելին՝ առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 23 սպանդանոց, որոնք արդեն ի վիճակի կլինեն ծածկել ողջ հանրապետության պահանջարկը:

Ի պատասխան դժգոհության, թե գործող սպանդանոցները չեն կարող ապահովել մորթի օրական անհրաժեշտ ծավալը, տեղում արված հեռախոսազանգի արդյունքում, ի լուր հավաքվածների՝ սպանդանոցի տերը պնդել է, որ իրենք մեկ օրում ի վիճակի են իրականացնել մինչև 120 գլուխ խոշոր եղջերավորի մորթ:

Ինչ վերաբերում է սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգմանը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանի խոսքով՝ նման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի, քանի որ իրենք տեսչական-վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին են:

«Լիովին կողմ եմ սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների քաղաքակիրթ, սանիտարական և հիգիենիկ պայմաններում իրականացվող մորթին, սակայն այստեղ առաջանում են հարցեր և լրացուցիչ, չնախատեսված ֆինանսական ծախսեր, որոնք ազդում են մսի վաճառքի գնի բարձրացման վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ հավելելով, որ անասունների տեղափոխման ժամանակ՝ լինի սեփական թե սպանդանոցի հատուկ մեքենայով,  մարդը գումար է ծախսում, չհաշված, որ կենդանիներն այդ ընթացքում կորցնում են որոշակի քաշ, ինչպես նաև սթրես են տանում:

«Սպանդանոցում անասնատերը վճարում է համապատասխան մորթի վճարը: Մսի կարգի որոշումը և մսի որակի բժշկի թուղթը կարող են պարունակել կոռուպցիոն ռիսկեր: Մորթի ժամանակ կարող են լինել ավելորդ հերթեր, բյուրոկրատական քաշքշուկներ, ժամանակի կորուստ: Անասնապահ ֆերմերի համար մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ մորթված և հանձնած մսի գումարը ֆերմերին է վերադարձվում ոչ թե անմիջապես, այլ՝ մորթից որոշ ժամանակ անց: Չի բացառվում, որ անասնատերն անձամբ  անասունը մորթի, իսկ 5-րդ ձևը ձեռք բերի փողով»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը առաջարկեց կենդանիների մորթի մեկ այլ, իր խոսքով՝ ժամանակակից տարբերակ, որն է՝ ունենալ շրջիկ սպանդանոցներ, որի կիրառման դեպքում, պայմանավորված օրը շրջիկ սպանդանոցը կգա գյուղ և տեղում կիրականացնի անասունների մորթ:

«Բոլոր դեպքերում անասունների մորթի այսօրվա սպանդանոցային պայմանների պարտադրումը Հայաստանի նման աղքատ և ոչ զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրում, կարծում եմ, սխալ է և հապճեպ»,- նկատեց Սարգիս Սեդրակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս