Ռուս վերլուծաբանները՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին
Այսօր հայաստանյան մամուլը, համացանցը ցնցեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին լուրը:
Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր էին մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, պատասխանելով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների մասին լրագրողների մի շարք հարցերին, ասել էր, որ եկել են դեպքի վայր, որտեղ եղել են Կուտոյանի կինը և հայրը:
Հարցին, թե ի՞նչ են ասում հարևանները, նա պատասխանել է, որ տեղյակ չէ: «Նախնական այն, ինչ օպերատիվ ծառայողները ներկայացրին, եկել են դեպքի վայր, կինն է հայտնաբերել»,- ասել է Մելիքյանը՝ խոստանալով ավելի ուշ տեղեկություն տրամադրել դեպքի վայրի ամբողջական զննության արդյունքում:
Նշենք նաև, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնն է զբաղեցրել 2016-2018 թթ.:
Կարճ ժամանակ անց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը տարածվեց նաև արտասահմանյան մամուլում, մասնավորապես՝ ռուսական ԶԼՄ-ներով: 168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ դժվար է որևէ կերպ մեկնաբանել այդ լուրը:
«Այն, որ ԱԱԾ նախկին տնօրենի դին հայտնաբերվում է հրազենային վնասվածքով, դա, բնականաբար, արդեն մեծ նորություն է, որը կարող է նույնիսկ քաղաքական լինել, բայց ես այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց Դուբնովը:
Տեղի ունեցածին անդրադարձավ նաև ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը` նշելով, որ մահը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով: Ըստ նրա, դեպքը կարող է նաև կապ չունենալ քաղաքական զարգացումների հետ: «Քննության գործն է՝ բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել: Հետևություններ անելու համար վաղ է, ես չէի ցանկանա ինչ-որ բան ասել»,- ասաց Սկակովը:
Մեզ հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովն ասաց, որ մահվան շատ տարբեր վարկածներ կարելի է քննարկել, որը ճիշտ չի լինի:
«Շատ բան կարող է լինել: Մենք, ըստ էության, տեղյակ չենք, թե ինչ է կատարվում, հետևելու ենք, թե ինչ տեղեկություններ են տարածվելու»,- ասաց նա: