Ամերիկայի Հայկական համագումարը ողջունել է ԱՄՆ հստակ դիրքորոշումը

Ամերիկայի Հայկական համագումարը երախտապարտ է ԱՄՆ վարչակազմին և Կոնգրեսի անդամներին՝ իրենց նախնական հայտարարությունների համար` ի պատասխան այն նորությունների, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ հայ սպային կացնով սպանելու համար, մինչ վերջինս քնած էր. հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Երկու սպաները Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի 2004թ. «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրին:

Ազգային անվտանգության խորհուրդն ուրբաթ օրը հայտարարություն տարածեց` ընդգծելով նախագահ Օբամայի խորին մտահոգությունները և նշելով, որ «այդ որոշումը հակասում է լարվածության թուլացմանը և հաշտեցման համար գործադրվող ջանքերին տարածաշրջանում»: Պետքարտուղարությունը նույնպես հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է այն նորության կապակցությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին. ով Հունգարիայից փոխանցվելուց հետո այսօր ժամանել էր Բաքու: Սաֆարովը հունգարական բանակում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի  ուսումնական ծրագրի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար»:

Համագումարը, մտահոգված այն նորությունից, որ Ադրբեջանը գործի է դրել իր ֆինանսական պաշարները և թուրքական ազդեցությունը Սաֆարովի հայրենադարձությունն ապահովելու համար, և ավելին` որ Սաֆարովը վերահաստատվել է և ստանձնել ավելի բարձր կոչում բանակում: Համագումարը, ինչպես բարեխիղճ մյուս անձինք, կաշխատի այս ողջ գործի լիակատար մերկացման ուղղությամբ: Սաֆարովը թուլամորթ ահաբեկչություն իրագործեց ` սպանելով մի մարդու, ով անպաշտպան քնած էր, և Ալիևի կողմից նման արարքի պարգևատրումը լիովին ապացուցում է այն, որ Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության սպառնալիք է: Այն նաև միանշանակորեն հաստատում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի դեպքում չպետք է ենթարկվի ադրբեջանական որևէ տեսակի կառավարման:

Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոուն-կրտսերը դատապարտեց Ադրբեջանի նախագահի` մարդասպանին ներում շնորհելու քայլը. «Ինձ խիստ զայրացնում են Ադրբեջանի կառավարության անխոհեմ գործողությունները` ներում շնորհելով Ռամիլ Սաֆարովին` ադրբեջանական մի զինվորականի, ով գազանաբար սպանեց անզեն մի հայ զինվորականի Հունգարիայում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված ծրագրի ժամանակ… Նման գործողությունները հարիր չեն կառավարությանը, եթե այն հավատարիմ է արդարությանն ու խաղաղությանը: Ցավոք, ադրբեջանական կառավարության այս քայլերը նպատակ ունեն արդարացնելու բռնությունը Հայաստանի ու նրա ժողովրդի հանդեպ»: Կոնգրեսական Փալոունը նաև կոչ արեց Ադրբեջանի կառավարությանը՝ հրաժարվել իր որոշումից:

Կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի ավագ անդամն է, նշեց. «Ես խորապես ցնցված եմ Հունգարիայի իշխանությունների որոշումից՝ ազատ արձակել 2004թ. Բուդապեշտում հայ սպային սառնասրտորեն սպանած ադրբեջանցի զինվորականին: Դատապարտված հանցագործն անարդարացիորեն արդարացվել է Ադրբեջանի նախագահի կողմից: Ես կանգնած եմ մեր բարեկամ և դաշնակից Հայաստանի կողքին` քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ այս անհատին կանգնեցնել արդարադատության առաջ: Բաքվի գործողությունները ցույց են տալիս նրա կոպիտ հրաժարումն իր հարևանի հանդեպ սպառնալիքներից զերծ մնալուց»:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է. «Ես խիստ ցնցված էի` իմանալով Ռամիլ Սաֆարովի վերադարձի և ներման մասին, ով դատապարտվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար: Հունգարիան, որտեղ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, և Ադրբեջանը պարտավոր են միջազգային հանրությանը բացատրություն տալ արդարադատության նկատմամբ այս սարսափելի ոտնձգության համար: Սա անընդունելի լուծում է խոստովանված ոճրագործության համար»:

«Համագումարը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը»,- նշեց Համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք երախտապարտ ենք վարչակազմի, Պետքարտուղարության և Կոնգրեսի անդամների կողմից հնչեցված նախնական հայտարարությունների համար: Նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները հանդիսանում են իր հռետորաբանության շարունակությունը, որով նա վերստին սպառնում է հայերի դեմ պատերազմի վերսկսմամբ: Հակամարտության վերջին շիկացումը միայն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը»,- հավելեց Արդունին:

Տեսանյութեր

Լրահոս