Հայաստան ներկրվող շուրջ 800 անուն ապրանքներից որո՞նք կթանկանան
«2020 թվականի հունվարի 1-ից թևակոխեցինք մի ժամանակահատված, երբ պետք է ենթարկվենք ԵԱՏՄ շրջանակներում ընդունված կանոնների: Սա նշանակում է, որ զգալի թվով ապրանքների գների փոփոխություն կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ խոսքը հատկապես առաջին օգտագործման ապրանքների մասին է:
«Արդեն հայտարարվել է, որ մոտ 700 ապրանքի գնային փոփոխություն կարող է լինել, քանի որ մաքսազերծման դրույքաչափերը փոխվում են: Մեր սպառողը պետք է պատրաստվի, իսկ տնտեսվարողները չպետք է անբարեխիղճ լինեն ու օգտվելով առիթից՝ շատ բարձրացնեն ապրանքների սակագները: ՏՄՊՊՀ-ն պետք է հետևի, որ չարաշահումներ չլինեն: Թռչնամիսը կարող է ինչ-որ չափով թանկանալ, քանի որ մոտ 50 տոկոսը ներկրվում է: Հնարավոր է՝ որոշակի տոկոսով թանկանա յուղը, ձեթը, բայց ապրանքներ կան, որ կարող են էժանանալ, չնայած մեզ մոտ շեղում կլինի դեպի թանկացում, իմ կարծիքով՝ միջինը 5-6 տոկոսով: Դեռևս վաճառվում է մինչև հունվարի 1-ը ներկրված ապրանքը»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստան ապրանք ավելի շատ Ուկրաինայից է ներկրվում, Վրաստանից, Թուրքիայից, Չինաստանից:
«Թռչնամիսը ներկրվում է Բրազիլիայից, քանի որ տեղականը չի բավականացնում, և սպառողների որոշ շերտ կա, որ օգտագործում է հենց բրազիլականը, որովհետև համեմատաբար էժան է: Աբսուրդ է, բայց այդպես է: Մաքսազերծումից հետո դեռ էժան է: Նույնը՝ խոզի մսի դեպքում: Այդ բոլոր ապրանքները լաբորատոր փորձաքննություն են անցնում և հիմնականում համապատասխանում են սանիտարական նորմերին»,- ընդգծեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահը:
Բանախոսը նկատեց՝ կարևոր է, որ ԵԱՏՄ-ում հավասարություն լինի: «Հայկական ապրանքը, օրինակ, առաջին հերթին՝ Ռուսաստան է մտնում, ու հաճախ արագ փչացող ապրանքը 1-2 օր պահում են, որ ստուգեն, այնինչ կարող էր այդպես չլինել: Դա մեր տնտեսվարողների համար խնդիր է:
Շատ ենք լսում այն մասին, որ Վերին Լարսում մեքենաներն օրերով կանգնած են մնում: Խոսակցություններ կան, որ երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում: Ասում են՝ մտել ենք 150 միլիոնանոց շուկա, բայց դրա դրականը դեռ չեմ տեսել:
Ի դեպ, Մոսկվայում նկատել եմ, որ խանութներում նույն Վրաստանի ապրանքն ավելի շատ է, քան Հայաստանինը, օրինակ՝ գինիների, հանքային ջրերի դեպքում»,- եզրափակեց Կարեն Չիլինգարյանը: