Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան այցի ժամանակ հայտարարել է, որ կարող է հրաժարական տալ իր լիազորությունների ժամկետի ավարտից առաջ: Այս մասին հաղորդում է ուկրաինական UNN-ը:
«Հնարավոր է՝ ես շուտով պաշտոնաթող լինեմ», – ասել է նա:
Վուչիչը նաև քննադատել է մայիսի 23-ին Բելգրադում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը՝ նշելով, որ դրանք հստակ նպատակ չունեն։
Ըստ Reuters գործակալության՝ ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցել։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։
Երկրում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում 2024 թ. վերջից՝ այն բանից հետո, երբ Սերբիայի Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանում փլուզման պատճառով 16 մարդ զոհվեց։
Վուչիչն առաջին անգամ Սերբիայի նախագահ է ընտրվել 2017 թվականին: 2022 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով: Նրա նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականին:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ մայիսի 21-ին Վուչիչը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսերն ընկած ժամանակամիջոցում: Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի՝ խորհրդարանի խոսնակ Անա Բրնաբիչը հայտնել է, որ կառավարող Սերբական առաջադեմ կուսակցությունը Վուչիչին կառաջարկի դառնալ վարչապետի իր թեկնածուն ապագա խորհրդարանական ընտրություններում:



