Բաժիններ՝

«Ուղղակի ներդրումների թիվը նվազել է 60 մլն դոլարով». Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Վիճակագրական կոմիտեն եռամսյակը մեկ է հրապարակել գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ ցուցանիշները։ Ըստ այդ ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտը 2019 թվականի 9 ամիսների արդյունքներով գրանցել է 4 տոկոս անկում։

«Կարծում եմ՝ սա տարվա արդյունքներով վերականգնել չի լինի, այսինքն՝ 2019 թվականին կունենանք 2018 թվականի նկատմամբ ավելի ցածր ցուցանիշներով ամփոփված տարի։ Այստեղ երկու գործոն կա, առաջին՝ հաշվառման հետ կապված կա որոշակի գործոն, երկրորդ՝ մեր գյուղատնտեսությունը դեռևս այն արդյունավետությունը չունի, որ կարճ ժամանակահատվածում արձանագրի բարձր աճի տեմպեր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Խաչատրյանը։

Նա հույս հայտնեց, որ գյուղատնտեսության առումով 2020 թվականն ավելի լավը կլինի, քան նախորդ տարի էր, սակայն տարվող քաղաքականության արդյունքներն ավելի երկար ժամկետում կարող են նկատելի լինել։

Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին, նախարարը տեղեկացրեց, որ 9 ամիսների ամփոփված արդյունքներով՝ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 միլիոն դոլարով ավելի է եղել, քան 2018 թվականի ընթացքում։

«Ինն ամիսների կտրվածքով մենք ունենք ավելի շատ դրամական միջոցներ , որոնք եկել են Հայաստան, քան գնացել են։ Մյուս կողմից՝ կա մեկ ուրիշ ցուցանիշ, որը հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշն է, և արդեն երրորդ տարին է, որ մենք կունենանք ՀՆԱ-ի նկատմամբ մոտավորապես 16 տոկոս ցուցանիշ»,- շեշտեց նախարարը։

Նա նաև ընդգծեց, որ առաջիկայում պետք է ավելացնեն պետական ներդրումները, քանի որ ենթակառուցվածքներում պետական ծախսերն այն կարևոր ցուցանիշն են, որոնք կարևոր բաղադրիչն են կազմում 16 տոկոսի համար, և, որ ամենակարևորն է՝ ենթակառուցվածքների որակը բարելավելով՝ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում բիզնեսով զբաղվելու համար, ինչն էլ նպաստում է մասնավոր ներդրումների ցուցանիշին։

«Վստահ ենք, որ 2020 թվականն արդեն էապես տարբեր է լինելու 2019 թվականից, այս տարի կլինի ավելի լավ ներդրումային ցուցանիշով փոփոխված տարի։ Եթե ես ասացի, որ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 միլիոն դոլարով ավելի է եղել, քան 2018 թվականի ընթացքում, ապա ուղղակի ներդրումների թիվը պակաս է եղել 60 մլն դոլարով։ Նեդրողները հիմնականում Ռուսաստանից են, Գերմանիայից, իսկ ոլորտները վերաբերում են էներգետիկայի, լեռնահանքային ոլորտներին, մշակվող արդյունաբերությանը»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս