«Բաց նամակ ամենքին». Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի բաց նամակը.
«Մի բաց նամակ ամենքին – 2
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ-գեղարվեստի (հասցեն՝ Րաֆֆի 69/1) մշտական-ամենօրյա տիրապետման ենթակա համայնքային հողատարածքը ամբողջությամբ ստեղծել, խնամում, օգտագործում ենք պետական կազմակերպություն կրթահամալիրի, նրա մասնաճյուղ ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներով։
Պետական սեփականություն հաստատության շենքը՝ հեղինակային մանկավարժությամբ և նրա ստեղծած ոչ պետական միջոցներով ուսումնականի վերածված իր նկուղներով, տանիքներով, իր հողատարածքով, մենք մշտապես բարելավում ենք ամբողջությամբ սովորողների և ուսուցիչների ջանքերով՝ ուսումնական աշխատանքով, հիգիենիկ, գրավիչ-հարմար, ներառական միջավայր ապահովում երկու տարեկանից սկսած, շարունակ շատացող երեխաների համար։
Մենք իրականացնում ենք թափանցիկ՝ բաց, բացօթյա, հրապարակային ուսումնական գործունեություն։ Մենք հասարակությունից խլված, զավթված, օտարված, մեկուսացած, չօգտագործվող համայնքային տարածքները վերադարձնում ենք համայնքին, բնակչին՝ դարձնելով բնակելի միջավայր, յուրաքանչյուրի բնակավայր։ Ամեն կոնկրետ գործով տեղեկացնելով, դիմելով պատկան մարմիններին ու հանրությանը աջակցության համար, «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով թաղամասում ստեղծել ենք դիտարժան հանրային տարածք՝ տասնամյակների աղբից մաքրելով, խարխուլ հենապատերի, ցանկապատերի փոխարեն ստեղծելով կանաչ լանջեր, պուրակներ, բացելով արահետներ, հեծանվաուղիներ, անցումներ, որոնցից օգտվում են բոլորը՝ կրթահամալիրի, Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզների, թ. 181 դպրոցի սովորողները, ծնողները, աշխատողները, թաղամասի բնակիչները։ Կրթական պարտեզն իր վրա կրում է ամենամյա քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի միջազգային փառատոնի, կրթահամալիրի գեղարվեստի կնիքը։
Այսօր մենք հայտնվել ենք հարկադիր ինքնապաշտպանության վիճակում՝ թույլ չտալով հարևան՝ Երևան քաղաքի թ. 93 մանկապարտեզին մեր կողմից ստեղծված-խնամվող կանաչ լանջի երկարությամբ ցանկապատեր տեղադրել՝ շինթույլտվությամբ, թե ոստիկանական ուղեկցությամբ, խոչընդոտել մեր բնականոն գործունեությանը, արգելքներ ստեղծել սովորողների, ուսուցիչների, ծնողների՝ ուսումնական պլանով-օրացույցով որոշված ու կարգավորված ազատ տեղաշարժին կրթահամալիրով մեկ, բնակավայրի տարբեր կողմերում գտնվող ուսումնական հաստատություններով, կենտրոններով…
Երևանի քաղաքապետարանից մենք պահանջում ենք ապահովել շուրջօրյա անարգել, հարմար, ներառական, անվտանգ, լուսավոր անցումներ։ Մենք հեղինակային մանկավարժության ուսումնական նախագծերով կշարունակենք առավելագույն չափով մասնակցել մեր պահանջի շուտափույթ իրականացմանը։
Մենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը, «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնությունը ներկայացրել ենք Երևան քաղաքի 2020թ. բյուջեի հանրային լսումների ժամանակ՝ քաղաքի 2020թ. բյուջեում ներառելու համար, առաջարկը գրավոր անհատապես ուղարկել ենք քաղաքի ավագանու անդամներին, քաղաքապետին։ Մենք ենթադրում ենք մեր առաջարկի հրապարակային-մասնակցային քննարկում։
Մենք հետևողական առաջարկում ենք ամբողջական տեսքի բերել բնակելի արվարձանում մեր կրթական պարտեզը՝ որպես մոդել այն հանրապետությունով մեկ կիրառելու հեռանկարով։ Եվ մեր առաջարկները բանավոր, թե գրավոր ներկայացրել ենք նաև ՀՀ կառավարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, պաշտոնական և ոչ պաշտոնական այցով կրթահամալիր այցելող պետական, հանրային գործիչներին, մտավորականներին, լրագրողներին, ընդունել-գրանցել նրանց հավանության-հիացումի արձագանքները։ Դրանք բաց են։
Ահա, թե ինչու՝ առանց ճաղերի է մեր կրթական միջավայրը, բոլոր տեսակի բացօթյա ուսումնական տարածքները պարտեզ-պուրակներ են։ Համեցե՛ք միասին քայլելու, ճանաչելու, հարց ու պատասխանի, քննարկելու, յուրացնելու, դրանք պաշտպանելու և տարածելու նպատակով»: