«Եթե Փաշինյաններն այդքան շատ են նեղվում՝ ապրել ամառանոցներում, թող գնան ապրեն իրենց տանը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, երկու նպատակ է հետապնդում: Առաջին նպատակը, ըստ քաղաքագետի՝ այն է, որ հանրությանը ներկայացվի, թե բոլոր չկատարած խոստումների, ձախողումների համար մեղավոր է պետական ապարատը: «Երկրորդ՝ անոնս են տալիս, որ շատ շուտով պետական ապարատում տեղի կունենա նոր կադրային ջարդ: Պարոն Փաշինյանը բավականին լայն լիազորություններ ունի իր թիմակիցների հետ, որպեսզի մաքրի պետական համակարգն այն անգրագետներից, որոնք, ինչպես ինքն է ասում՝ լցված են կառավարությունում և իրեն անգրագետ բովանդակությամբ փաստաթղթեր են ուղարկում: Պարոն Փաշինյանը մի բան հաշվի չէր առել, որ արագ բացահայտվելու է՝ այդ անգրագետ ձևակերպումներով փաստաթղթերն իրեն ուղարկում են նախարարներն ու փոխնախարարները: Եթե նույնիսկ վարչության պետը կամ այլ պաշտոնյա է կազմում, այդ փաստաթղթերը աչքի տակով պետք է անցկացնեն նախարարներն ու փոխնախարարները, և եթե իրենք անգրագետ են, այդպես ուղարկում են վարչապետին, ուրեմն՝ այստեղ մեղավոր են իր իսկ նշանակած նախարարները և փոխնախարարները»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց Գ. Համբարյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Շնորհակալ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ բացահայտեց, որ իր նշանակած նախարարներից ու փոխնախարարներից շատերը դիլետանտ և իրենց ոլորտներից բացարձակ հեռու անձինք են»:

Հարցին՝ Դուք հակահեղափոխակա՞ն եք, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ես ինքս ողջունել եմ հեղափոխությունը, բայց շատ արագ բացահայտել եմ այս հեղափոխության հետին մտքերը, երբ պարոն Փաշինյանի վարչակարգը շատ արագ սկսեց համագործակցել նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ: Շիրակի պետական համալսարանը ՀՀ մանրակերտն է, և այն աբսուրդ իրավիճակը, որ այնտեղ կար նախորդ իշխանությունների օրոք, ավելի այլանդակ և լկտի տարբերակով հիմա շարունակվում է. ամբողջությամբ նույն ձեռագիրն է՝ հովանավորչություն, ծածկադմփոց անել: Հիմա ես ինչպե՞ս կարող եմ հավատալ պարոն Փաշինյանին և նրա իրավապահ համակարգին, երբ Շիրակի պետհամալսարանը ծնկի բերած, բազմաթիվ հանցագործություններ գործած Սահակ Մինասյանը, որը, ի դեպ, ՀՀԿ մարզային կառույցի նախկին ղեկավարն էր և, տարբեր տվյալներով՝ ՇՊՀ-ին տվել է 500-750 մլն դրամի վնաս, հիմա ազատության մեջ ման է գալիս»:

Հայաստանում, ըստ նրա՝ որևէ բան չի փոխվել. «Բացեք ընդդիմադիր եղած ժամանակաշրջանում պարոն Փաշինյանի և նրա տիկնոջ ղեկավարած թերթի համարները և տեսեք՝ ինչ անձանց էր մեղադրում մենաշնորհներ ունենալու, բազմաթիվ հանցագործությունների մեջ, և այդ մարդիկ հիմա շատ օրինակելի գործարարներ են, ի՞նչ է եղել: Ինձ համար ոչ մի բան չի փոխվել»:

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ 2 տարին արդյո՞ք բավարար ժամանակահատված է լուրջ արդյունքներ գրանցելու, ձեռքբերումներ ունենալու համար: «ՀՀ-ն այնքան փոքր երկիր է, ոչ պաշտոնական տվյալներով՝ 2.5 մլն մարդ է ապրում այս երկրում, արտագաղթը խայտառակ ձևով շարունակվում է հանրապետությունից, որ այստեղ ինչ-որ մեծ աշխատանքներ տանելու խնդիր չկա: Դուք տեսնո՞ւմ եք՝ ինչպես է պարոն Փաշինյանի վարչակազմը շատ արագ հարստանում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Պարբերաբար աղմուկ է բարձրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի շուրջ, ինչին Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, նրանց ավագ դուստրն արձագանքում են: Գագիկ Համբարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սպառիչ չեն այդ պատասխանները:

«Իհարկե ոչ: Եթե սպառիչ լինեին, այդ աղմուկը նախ՝ չէր բարձրանա, որովհետև եթե ամեն ինչ նորմալ ընթանար, աղմուկ չէր լինի: Բաներ կան, որ նյարդայնացնում են մարդուն. պարոն Փաշինյանն արդեն միջնեկ դստերն էլ է օգտագործում այդ բեմադրության մեջ: Ո՞ւմ են փորձում համոզել, թե կառավարական ամառանոցի տարածքից փախել են: Ինչպե՞ս են Փաշինյանն ու իր ընտանիքը փախչում ամառանոցից: Այս բեմականացումներն արվում են, որ մեղմվի հասարակության այն մասի զայրույթը, որոնք հավատում են իրենց: Ինչո՞ւ պետք է Մարիամ Փաշինյանը թիկնազորով ման գա: Իմ բազմաթիվ ընկերներ սովորել են Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, նա առանց թիկնազորի է ման եկել: Եթե պարոն Փաշինյանի դուստրերն այդքան հիշում են իրենց նախկին կյանքը, ինչո՞ւ չեն գնում իրենց նախկին տուն: Անդրանիկ Մարգարյանը վա՞տ վարչապետ էր, որ իր երեխաների հետ ապրում էր Ավանի իր տանը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ նախկինում ոչ ոք չէր համարձակվի վնասել երկրի ղեկավարների երեխաներին, նա այսպես արձագանքեց. «Հիմա ո՞վ է համարձակվելու: Ես այն օրը Գյումրիում զբոսնում էի, Փաշինյանի երկու դուստրերը հանգիստ իմ կողքով անցան, ի՞նչ, վայրենի՞ ենք, ո՞վ պետք է ինչ-որ բան անի: Իրենք վախենում են, որովհետև այն այլանդակ հայհոյանքները, որոնք պարոն Փաշինյանի կողմնակիցները և նրա հանրաճանաչ ՊՈԱԿ-ի 20-25 հազար ֆեյքերը, որոնք առավոտից երեկո լցվում են մարդկանց վրա, ստեղծել է անհանդուրժողականության մթնոլորտ: Ես միշտ քննադատել եմ Սերժ Սարգսյանին, բայց այն ժամանակ այդ ատելությունը, հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելը չի եղել, ինչպես այս 1.5 տարվա մեջ հաջողվեց անել պարոն Փաշինյանին: Երևի ինքը դրանից է վախենում, որ կան սահմաններ, որոնք ինքն անցնում է: Եթե իրենք այդքան շատ նեղվում են ապրել ամառանոցներում, թող գնան ապրեն իրենց տանը»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած մշակույթի գործիչների հայտարարությանը հաջորդած վիրավորանքների տեղատարափը սոցցանցերում, ըստ քաղաքագետի՝ պայմանավորված էր իշխանությունների վախով. «Սա իշխանությունների կողմից կազմակերպված կանխարգելիչ հիստերիա էր, որ այլ գործիչներ ևս չմիանան: Այն, որ ատելության բացասական էներգիան գեներացված է հասարակության մեջ, պարոն Փաշինյանը պետք է շատ լավ հասկանա, որ սա մի օր պայթելու է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս