Բաժիններ՝

Կառավարությունը դեմ է քաղաքացու շահերը դատարանում նաև իրավաբանի կողմից ներկայացնելու նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի քաղաքացու շահերը վճարովի հիմունքներով դատարանում ներկայացնի նաև իրավաբանը, որը փաստաբան չէ:

Ըստ հիմնավորման, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ միայն փաստաբանի միջոցով դատական ներկայացուցչության իրականացման օրենսդրական պահանջն ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն ապահովում է Սահմանադրությամբ ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման իր պոզիտիվ պարտականությունը, այլև երաշխավորում է որակյալ իրավաբանական օգնություն:

Ըստ կառավարության, գործող իրավակարգավորումներն ամենևին չեն սահմանափակում անձի իրավունքն իր ընտրած ցանկացած անձի միջոցով իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը, այլ ուղղված են առանց համապատասխան արտոնագրի՝ դատական ներկայացուցչություն իրականացնելն արգելելուն:

«Ընդ որում, առանց փաստաբանական գործունեության արտոնագրի դատական ներկայացուցչություն իրականացնելու դեպքում գործնականում անհավասար պայմաններ են առաջանալու փաստաբանների և դատական ներկայացուցչություն իրականացնող այլ իրավաբանների միջև, քանի որ առաջինները որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտներ՝ կրում են որոշակի հարկային պարտավորություններ, ինչը դժվար կլինի գործնականում վերահսկել այլ իրավաբանների դեպքում:

Բացի այդ, փաստաբանները, լինելով Փաստաբանների պալատի անդամներ, ենթարկվում են որոշակի վերահսկողության՝ փաստաբանի վարքագծի կանոնները պահպանելու տեսանկյունից: Մասնավորապես, վերջիններս կաշկանդված են փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ենթարկվում են ավելի խիստ կանոնների, քան արտոնագիր չունեցող իրավաբանները, ինչն ավելի պրոֆեսիոնալ է դարձնում դատավարությունը:

Հետևաբար, Նախագծի հեղինակների այն մտահոգությունը, որ գործող իրավակարգավորումը խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսդրության սկզբունքներով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացմանը, վերոշարադրյալի համատեքստում կարծում ենք՝ արդարացված չէ:

Անդրադառնալով Նախագծի հեղինակների այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր քաղաքացի, ընտրելով դատարանում իր իրավունքների պաշտպանությունն իրականացնող ներկայացուցչին, կրում է գործի ցանկացած ելքով ավարտի ռիսկը, ուստի ինքը պետք է ընտրի, թե որ միջոցն է առավել արդյունավետ իր իրավունքների պաշտպանության համար՝ գտնում ենք, որ այդ միջոցի ընտրության հարցում անձի հայեցողությունը չի կարող լինել բացարձակ:

Ամփոփելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ դրանով նախատեսվող կարգավորման հիմքում դրված է քաղաքացիական դատավարությունում իրավաբանական օգնությունը պրոֆեսիոնալ հիմունքներով մատուցելու տրամաբանությունը՝ առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը թողնել անփոփոխ»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս