«Այս պետական համակարգը Նիկոլ Փաշինյանի և իշխանական թիմի գործունեության հայելին է». Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հիանալի է համարում, որ այսօր, իր բնորոշմամբ՝ ունենք դե յուրե իշխանություն և դե յուրե ընդդիմություն, և հիշեցնում է, որ ժողովրդի շնորհիվ է, որ դա ունենք, և ըստ այդմ՝ դե յուրե կարող են քննադատել և դժգոհություն հայտնել:

«Պետք չէ բացառել արտահերթ ընտրությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննիսյանը:

նդրադառնալով ՀՀԿ-ին, նա հիշեցրեց, որ երբեմնի իշխանություն եղած քաղաքական ուժը, որը զբաղվել է «ընտրագողությամբ և այլ բաներով», դեռ չի անցել քավարանով, ինքնամաքրման ճանապարհով, որպեսզի համարվի դե յուրե ընդդիմություն:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի տարակուսանքից անմասն չմնաց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննիսյանը նկատեց, որ իրենց զորակցությունը ստացած վարչապետը դժգոհում է այն պետական համակարգից, որի գլուխն ինքն է, ինքն է 1.5 տարի ղեկավարում:

«Այդ իշխանական, պետական համակարգն իր և իշխանական թիմի գործունեության հայելին է, արտացոլանքը»,- ընդգծեց Հովհաննիսյանը և բարեմաղթեց ու հորդորեց, որ Նիկոլ Փաշինյանը փոխի իր մեթոդաբանությունը, դուրս գա «մենակությունից»,  հաղթահարի ինքն իրեն, որ այլևս չասի՝ «ես եմ ընտրվել, ես պիտի ջարդեմ»:

«Սա արդեն ազգային անվտանգության և պետական իշխանության մասին է, ոչ թե ես-ի: Սա շատ ավելի կարևոր է, քան առանձին վերցրած ժողովրդականություն վայելող վարչապետը: Իմ բարեմաղթանքն այն է, որ մենք հասկանանք՝ սա փակ շրջան է, և մեթոդաբանությունը, ինքնագնահատականը պետք է փոխվի: Մենք այստեղ ենք, որովհետև բոլորս միասին մերժեցինք նախորդ մեթոդաբանությունը, դե ֆակտո չընտրվածությունը, բերեցինք վերջապես դե յուրե իրավիճակ: Սա հավաքականություն է, այլևս չպետք է լինի ես-ություն: Ես չեմ ուզում որևէ մեկի, առավելևս՝ պետական տապալում: Ես շատ եմ ուզում, որ այսօրվա իշխանությունը մի քիչ ապրի, իրենց իսկ հեղափոխական խոսքերին համապատասխան: Ես կուզենայի, որ այսօրվա իշխանությունը մի քիչ ավելի համեստ, ժուժկալ ապրեր, խոսեր՝ որպես հեղափոխական, և նրանք հիշեին իրենց ընդդիմադիր խոսքերը»,- շեշտեց քաղաքական գործիչը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ «Ժառանգությունն» իր բաժին շունչը քաշել է, և հաջորդ տարի համեստաբար, պարկեշտ և կամաց-կամաց կվերադառնա քաղաքականություն: Ըստ նրա՝ ընդդիմադիր որոշ ուժերի կոնսոլիդացիա կլինի:

Ինչ վերաբերում է հին դեմքերի վերադարձին, և նորերի՝ հին համակարգի մերժմանը, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահը նշեց. «Մարդիկ կան, որ հիմա պատրաստվում են վարչապետ դառնալ, կայքեր են բացում, ուրիշները՝ հին և նոր դեմքերը, այլ բաներն են ստեղծում: Ոչ մեկը չի կարող նշաձող վերցնել քաղաքական դաշտում՝ հինը մերժելով: Չես կարող նոր ղեկավար, նոր աստղ դառնալ՝ հինը մերժելով: Պիտի կարողանաս հինը գնահատել, երախտագիտություն հայտնել և նորը ստեղծել: Երկրորդ՝ կարծում եմ, որ հայ հասարակությունն իրեն գնահատող է ուզում, պոռոտախոսություն չի ուզում: 2020 թվականը կտեսնի վայրիվերումներ, որովհետև քաղաքական դերակատարներն էմոցիոնալ են, շատերը միայն իրենց ես-ն են տեսնում, ես-ով խոսում: Եվ սա միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Մենք ունենք մեծ մարտահրավերներ՝ Արցախի խնդիր, փոփոխվող տարածաշրջան, Թուրքիայի սպառնալիք, անորոշ միջազգային թատերաբեմ, ուստի մենք մեր տունը պիտի կարգի հրավիրենք: Դրա համար եմ ասում՝ մեր ներքին քաղաքականությունը ես-ից մենք-ի պիտի տեղափոխենք: Ես ինձ որևէ կողմում չեմ տեսնում, պարզապես տեսնում եմ, որ կան վտանգներ, քանի որ ամեն մեկն իրեն դիրքավորում է. մեկն ուզում է այս վարչապետի տապալումը, մեր վարչապետն իր հերթին՝ ուզում է իր ես-ով ջարդել պետական համակարգը, որի պատասխանատուն ինքն է 1.5 տարի: Իր շուրջը կան նաև փսփսացողներ, և ինքը չի ցանկացել ցանցը լայն բացել»:

Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ՝ ժամանակն է, որ Փաշինյանը դուրս գա նեղ շրջանակից, որ հասկանա՝ խոսքը պետության պատասխանատվության մասին է: Եվ հաջորդ ընտրություններում կարողանա այնպես անել, որ ստեղծվեն պետական, բովանդակային այլընտրանքներ, ժողովրդին ներկայացվեն գաղափարական տարբեր մոտեցումներ՝ աջակենտրոն, ձախակենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս