«Հայաստանյան նոր իշխանություններն իրենց սեղանին դրված որևէ օրակարգ չունեն». Գառնիկ Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահ է, որ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի առաջ այսօր կան մի շարք օրակարգային խնդիրներ, որոնց իշխանությունը պետք է ամենօրյա ռեժիմով անդրադառնա, հայաստանյան նոր իշխանությունները որևէ օրակարգ իրենց սեղանին դրված չունեն, և չկա մեկը, որն առաջնորդվի հստակ մատնանշված ուղեգծով:
Իսագուլյանը հիշատակեց Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը՝ «վարչապետը դու ես», նկատելով, որ այդ օրերին Նիկոլ Փաշինյանի համար բոլորը վարչապետ էին, ինքը՝ ծառա:
«Իրականում խաբեցին ժողովրդին, որոշակի ամբոխի հանեցին փողոց, այդ ամբոխի միջոցով ճնշեցին կիսաամբոխ ինչ-որ հասարակության, ստացան քվե, և 1 տարուց ավել է արդեն, այդ քվեի օգտագործման հորձանուտներում կատարում են այն, ինչ ձեռ է տալիս իրենց քայլող մի փոքրաթիվ խմբակին, որը, կարող ենք ասել, որ ոչ թե առաջնորդվում է հայկական պետական շահերով, ՀՀ-ի, Արցախի Հանրապետության, ողջ հայության շահերով, այլ առաջնորդվում է ինչ-որ մարդկանց թելադրանքով, որոնց գործունեությունն ուղղված է ոչ թե Հայաստանն ու Արցախն ուժեղացնելու, կամ հայությանն ընդհանրապես, այլ՝ ճիշտ հակառակը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ Գ. Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը հավանաբար Ս. Սարգսյանին մեկուսացնելու անհրաժեշտություն է զգացել, քանի որ նկատել է, թե ինչքան հզոր ֆակտոր է Սարգսյանն արտաքին խաղացողների, համար ու, ի տարբերություն այսօրվա իշխանության արտասահմանյան հանդիպումների, Սերժ Սարգսյանի բոլոր նմանատիպ հանդիպումները հետևանք են ունեցել:
«Այս մարդիկ, ազգային ու պետական օրակարգ չունենալով հանդերձ, զբաղված են կեղծարարությամբ, այլ շոուով ու կեղծարարությամբ»,- նկատեց Գ. Իսագուլյանը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը կարծում է, որ օր առաջ պետք է ազատվել այս իշխանությունից: Ըստ Իսագուլյանի՝ իշխանության վարած քաղաքականության երկար շարունակվելու դեպքում կվտանգվի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյությունը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում