Հայաստան ներմուծվող աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են
Հայաստան ներմուծվող աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Տրանսպորտային միջոցի վրա տեխնիկական գործողություն է իրականացվում և այդ փոփոխությունը, եթե չարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, ապա կարող է հանրային վտանգի պատճառ դառնալ: Բացառություն ենք արել, տրամադրել ենք ժամկետ, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում: Միևնույն ժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա մենք պետք է աշխատենք, որ հասկանանք այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ»,-նշեց փոխվարչապետը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը նման հագեցվածություն ունի, որպեսզի կարողանա իրականացնել մեքենայում ղեկի փոփոխությունը: