Բաժիններ՝

Սամոայում կարմրուկից մահացածների թիվը հասել է 70-ի

Սամոայում կարմրուկի համաճարակի հետեւանքով մահացածների թիվը հասել է 70-ի: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է երկրի կառավարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում։ «Բռնկման պահից (2019 թվականի հոկտեմբերի կեսից) գրանցվել է կարմրուկով հիվանդանալու 4 հազաց 693 դեպք, որոնցից 112-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Այսօրվա դրությամբ 70 մարդ է մահացել այդ հիվանդությունից»,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ 70 մահացածներից 61-ը մինչեւ չորս տարեկան երեխաներ են:

Նաեւ հաղորդվում է, որ ներկայում հոսպիտալացված է շուրջ 160 մարդ, այդ թվում՝ 16 ծանր հիվանդ երեխաներ, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նախօրյակին Սամոայի կառավարությունը հայտարարել է, որ կարմրուկի դեմ բնակչության իմունիզացիայի երկօրյա արշավի ընթացքում, որն անցկացվել է դեկտեմբերի 5-ին եւ 6-ին, հաջողվել է պատվաստումներ անել երկրի բնակչության մոավորապես 40 տոկոսին եւ պատվաստումների ընդհանուր ցուցանիշը հասցնել 90 տոկոսի: Ինչպես արդեն տեղեկացվել է, երկրում հայտարարվել է կարանտին եւ արտակարգ դրություն, փակ են դպրոցները եւ մանկական նախադպրոցական հաստատությունները: Բուժանձնակազմ եւ կարմրուկի դեմ պատվաստանյութեր են տրամադրվել Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիական Պոլինեզիայից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է աշխարհում կարմրուկով հիվանդացության աճից: Ինչպես նշվում է ԱՀԿ-ի՝ դեկտեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, 2018 թվականին կարմրուկից մահացել է ավելի քան 140 հազար մարդ, ինչը գրեթե 20 հազարով ավելի է, քան մեկ տարի առաջ:

2018 թվականին ԱՀԿ-ն իր անդամ երկրներից ստացել է տեղեկություններ, որոնց համաձայն, տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 353 հազար 236 դեպք, մինչդեռ կազմակերպությունում վստահ են, որ այդ հիվանդության տարածման իրական մասշտաբները բազմակի գերազանցում են պաշտոնական վիճակագրությունը: ԱՀԿ-ի գնահատումների համաձայն, անցյալ տարի աշխարհում կարմրուկով հիվանդացել է մոտավորապես 9 մլն 769 հազար 400 մարդ, իսկ մահացել է 142,3 հազարը: 2000 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվը նվազել է ավելի քան երեք անգամ, իսկ մահացածներինը՝ գրեթե չորս անգամ, սակայն 2017 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվն աճել է գրեթե 2 միլիոնով, իսկ մահացածներինը՝ գրեթե 20 հազարով:

Ըստ փորձագետների գնահատումների՝ անցյալ տարի մահացու ելքով ամենից շատ դեպքերը գրանցվել են Աֆրիկայում՝ 52,6 հազար, Արեւելյան Միջերկրականում մահացել է 49 հազար մարդ, Հարավարեւելյան Ասիայում՝ 39,1 հազար, Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասում՝ 1,3 հազար, Եվրոպայում՝ 0,2 հազար մարդ: Հիվանդացածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավարեւելյան Ասիայում՝ 3 մլն 803 հազար 800: Աշխարհում կարմրուկից մահացածների մեծամասնությունը կազմում են մինչեւ հինգ տարեկան երեխաները: Ինչպես ընդգծում է ԱՀԿ-ն, «նորածինները եւ փոքր երեխաները ենթարկվում են կարմրուկով վարակվելու ամենալուրջ ռիսկին՝ հնարավոր բարդություններով, ներառյալ թոքաբորբը եւ գանգուղեղի բորբոքումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս