Բուսաբանության ինստիտուտի բուսապահոցի շենքում անգամ կոյուղի չկա. գիտաշխատողը՝ Կառավարությանը
Ազգային պատկերասրահը միջազգային չափանիշերով օդափոխման և ջերմախոնավային համակարգ կունենա: Արվեստի գործերի համար պահպանության ռեժիմը կդառնա 18-20 աստիճան:
Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է արվեստի ավելի քան 25 հազար նմուշ: Օդափոխման և ջերմախոնավային համակարգի բացակայության պատճառով դրանք վտանգված են եղել:
Համակարգը տեղադրելու համար Կառավարությունը 2019թ. նոյեմբերի 27-ին հատկացրել է 602 միլիոն դրամ:
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Կարգաբանության բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը Կառավարությանը խնդրում է՝ ուշադրություն դարձնել նաև ինստիտուտի բուսապահոցի (հերբարիումի) շենքին:
«Մեր բուսապահոցը շատ ունիկալ է, 1920 թվականից հավաքած լավ բույսեր ունենք: Հայաստանի ֆլորայի հերբարիում՝ մոտ 200.000 նմուշ, մամուռների հերբարիում՝ 10.000 նմուշ։ Ընդհանուր հերբարիում՝ 81.000 նմուշ, Տիպերի հերբարիում՝ 2000 ավտենտիկ նմուշ, Կրկնօրինակների ֆոնդ՝ մոտ 100.000 նմուշ: Օրիգինալ ու հարուստ բուսապահոց է, բայց շենքն անմխիթար վիճակում է, վերանորոգելու կարիք կա. տանիքի, պատերի, պատուհանների վիճակը սարսափելի է: Հակահրդեհային համակարգ չկա, ջերմախոնավային համակարգ՝ նույնպես: Կարգաբանության շենքը նույնիսկ կոյուղի չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մերինե Սարգսյանը:
Ինստիտուտի ավագ գիտաշխատողը հայտնեց, որ գլխավոր դատախազին հուլիսի 22-ին ուղարկած իր դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու՝ 309 և 314-րդ հոդվածներով, դրանք են՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը և պաշտոնեական կեղծիքը։
Նա պահանջում է Բուսաբանության ինստիտուտում աուդիտ անցկացնել և ինստիտուտի ֆինանսական միջոցները նպատակային չծախսելու հանգամանքները պարզել: Կասկածներ ունի, որ արդեն նախկին տնօրեն Ժիրայր Վարդանյանը խախտումներ է թույլ տվել, օրինակ՝ այգու մուտքավճարները և վարձակալությամբ տրված տարածքների վարձավճարներն ամբողջությամբ չեն մուտքագրվել ինստիտուտի բյուջե, եղել են գրանցված աշխատակիցներ, որոնք չեն հաճախել աշխատանքի, բայց նրանց անունից աշխատավարձեր են դուրս գրվել։ Ժիրայր Վարդանյանը Բուսաբանության ինստիտուտը ղեկավարել է 2006 թվականից մինչև 2019թ․ փետրվարը, այժմ էլ ինստիտուտի գիտական ղեկավարն է։
«Տարիներով մենակ ասել են, թե փող չկա: Սակայն էլիտար բնակարաններ գնելու համար փող գտնվել է: Միայն մուտքավճարների գումարը տարեկան 5-6 մլն դրամ է եղել: Հիմա հեկտարներով անապատ տարածքներ ունենք, ոչ մի մետր նորոգված ջրագիծ չկա: «Գրանդ հոլդինգը» նոր սկսել է մի փոքր հատվածում ջրագիծ անցկացնել:
Մեր ինստիտուտին սրտացավ մարդիկ են պետք, ովքեր ոչ թե պետք է մտածեն իրենց գրպանի, այլ այգին ու ինստիտուտը ոտքի հանելու մասին: Նախկին տնօրենն իր հիմնադրած կազմակերպության միջոցով է դրամաշնորհային ծրագրերն իրականացրել։ Սա վարչական ռեսուրսի չարաշահում է: Ժիրայր Վարդանյանը 2007 թվականին հիմնադրել է «Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ-ն, որի միջոցով էլ Բուսաբանության ինստիտուտում ծրագրեր է իրականացրել, մինչդեռ Բուսաբանության ինստիտուտն իր ենթակառուցվածքային կազմակերպություններն ունի՝ «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ն, որի միջոցով կարելի էր իրականացնել նույն ծրագրերը»,- նշեց Մերինե Սարգսյանը: