Բաժիններ՝

Apple-ը նշել է 2019 թվականին iPhone-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող հավելվածները

Apple ամերիկյան ընկերությունը դեկտեմբերի 2-ին հրապարակել է այն հավելվածների ցուցակը, որոնք ընթացիկ տարում ավելի հաճախ են ներբեռնել iPhone սմարթֆոնների տերերը։

Անվճար հավելվածների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է YouTube տեսածառայությունը: Երկրորդ դիրքում Instagram հավելվածն է, երրորդում՝ հաղորդագրությունների փոխանակման Snapchat ծառայությունը: Առաջին հնգյակը եզրափակում են կարճ տեսահոլովակների ստեղծման եւ դիտման TikTok հարթակը եւ հաղորդագրությունների փոխանակման Messenger հավելվածը:

iPhone-ի համար վճարովի ծրագրերի ցուցակում, որոնք ամենից հաճախ են ներբեռնվել, առաջին տեղն զբաղեցրել է Facetune ծառայությունը: Այն նախատեսված է այն լուսանկարների խմբագրման համար, որոնք արվել են շարժական հեռախոսի օգնությամբ: Ամենատարածված անվճար խաղ է ճանաչվել Mario Kart Tour-ը: iPhone-ի համար վճարովի խաղերի վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է Minecraft-ը: Apple-ը նաեւ ներկայացրել է այն հավելվածների վարկանիշը, որոնք, փորձագետների կարծիքով, առավել հաջողվածներն են եղել ընթացիկ տարում: iPhone սմարթֆոնների համար դա Spectre Camera ծառայությունն է, որը նախատեսված է ֆոտոնկարահանումների համար: iPad պլանշետային համակարգիչների համար ամենահաջողն է ճանաչվել Moleskine հավելվածը, որը կատարում է բլոկնոտի եւ նկարչական ալբոմի գործառույթներ:

Ինչպես նշում է 9to5Mac ճյուղային պորտալը, տարվա լավագույն հավելվածները նշվել են մշակողների հետ Apple-ի աշխատակիցների՝ դեկտեմբերի 2-ին Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո: Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հայտնել էին, որ ընկերությունն այդ օրը կանցկացնի շնորհանդես՝ նվիրված ծրագրային ապահովմանը: Ինչպես արձանագրում է 9to5Mac-ը, դա չափազանցություն է եղել: Apple-ը նոր սարքեր կամ հավելվածներ չի ներկայացրել: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտավորապես 1,2 տրլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս