Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով

Կառավարությունը մտադիր է անցնել առողջության համապարփակ ապահովագրության։ Ու դրա համար նախատեսում է սահմանել նոր` առողջապահության հարկ, որը պիտի վճարի աշխատողը` սեփական աշխատավարձից։

Իբր Հայաստանում աշխատավարձերն այնքան բարձր են, հիմա էլ՝ նոր հարկ։ Այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով։ Մինչ այդ, իհարկե, նախատեսվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը` 23 տոկոսից դարձնելով 20 տոկոս։ Բայց դրանով հանդերձ, ստացվում է, որ կառավարությունը 3 տոկոսով իջեցնում է եկամտային հարկը, որպեսզի 6 տոկոս նոր հարկ դնի։

Թե դա ինչպե՞ս է ազդելու մարդկանց եկամուտների վրա, դժվար չէ պատկերացնել։ Այս փոփոխություններից հետո իրականում աշխատող քաղաքացիների եկամուտները ոչ թե ավելանալու են, ինչպես մինչև հիմա ներկայացվում էր, այլ նվազելու են։ Նոր հարկի ներդրումից հետո տեղի է ունենալու հարկային բեռի ծանրացում։

Որ առողջության ապահովագրությունն անհրաժեշտություն է, այդպես էլ կա։ Բայց ներկա պայմաններում արդյո՞ք նորմալ է լրացուցիչ 6 տոկոսանոց հարկ դնելը, երբ առանց այն էլ մարդկանց եկամուտները շատ ցածր են։ Եվ ոչ միայն ցածր են, այլև շատ դանդաղ են ավելանում։

Աշխատող քաղաքացիների 60 տոկոսի աշխատավարձը չի անցնում 150 հազար դրամից։ Խոսքը 360 հազար մարդու մասին է, որոնք այդ գումարով հազիվ կարողանում են հոգալ իրենց նվազագույն սոցիալական կարիքները։

Նման ցածր աշխատավարձերի պայմաններում 6 տոկոսանոց նոր հարկային բեռը սոցիալական առումով մեծ ծանրություն է շատերի համար։ Ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում աշխատող քաղաքացիներն անհամեմատ ավելի քիչ են, քան չաշխատողները։

Այսօր Հայաստանում հայտարարագրված է 602-603 հազար աշխատող։ Ու ստացվում է, որ այդ մարդիկ պետք է վճարեն մի քանի անգամ ավելի՝ չաշխատող քաղաքացիների առողջության ապահովագրության համար։ Խոսքը սոցիալական արդարության մասին չէ։ Խոսքը դրա արդյունքում հարկային բեռի այդքան լուրջ ծանրացման մասին է։

Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանում շուրջ 250 հազար գործազուրկ կա։ Առողջության համատարած ապահովագրություն ներդնելուց առաջ, նախ՝ պետք է մտածել այդ մարդկանց աշխատանքով ապահովելու մասին։ Այդ դեպքում հաստատ առողջապահության հարկի բեռը ոչ թե 6 տոկոս, այլ շատ ավելի ցածր կլինի։ Շատ ավելի ցածր կլինի նաև ճնշումն աշխատող քաղաքացիների վրա։

Իսկ եթե կառավարությունն այնուամենայնիվ մտադիր է անտեսել այս ամենը և անցնել պարտադիր ապահովագրության, ապա պետք է բարի լինի շատ ավելի մեծ ֆինանսական բեռ ստանձնել։ Եվ ոչ թե հասարակության առանց այն էլ խղճուկ աշխատավարձերի հաշվին` փորձի իր ուսերից գցել մարդկանց առողջության ապահովման պարտավորությունը։

Այնպես չէ, որ առողջության համատարած ապահովագրության անցնելու գաղափարը նոր է։ Այդ մասին վաղուց է խոսվում։ Բայց նախկին կառավարությունները չէին շտապում գնալ դրան, որովհետև մի կողմից՝ պատրաստ չէին նման ֆինանսական բեռ ստանձնել, մյուս կողմից՝ հակված չէին աշխատող քաղաքացիներին դնել այդպիսի ծանրության տակ։

Համատարած ապահովագրության անցնելու հետ կապված խնդիրները, իհարկե, միայն ապահովագրավճարի չափով չեն սահմանափակվում։ Պակաս կարևոր չէ, թե այն որքանո՞վ կարդարացնի ակնկալիքները։

Պետք է ենթադրել, որ առողջության համապարփակ ապահովագրության անցնելուց հետո ունենալու ենք բոլորովին նոր որակի բուժսպասարկում։ Իսկ ինչքանո՞վ է համակարգը պատրաստ դրան։

Այսօր էլ ըստ էության այդ համակարգը մասնակիորեն գործում է՝ հասարակության որոշ հատվածի համար։ Արդեն մի քանի տարի է, ինչ պետությունը սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացնում է նաև պարտադիր բժշկական ապահովագրություն։ Ու դրանում ընդգրկված է շուրջ 150 հազար մարդ։

Բայց արդյո՞ք ապահովագրության այդ համակարգն արդարացրել է իրեն, և մարդիկ կարողանո՞ւմ են դրա շրջանակներում նորմալ բժշկական սպասարկում ստանալ, թե՞ գումարները պարզապես փոշիանում են։

Այս հարցերի պատասխաններն այնքան էլ միանշանակ չեն։ Միանշանակ չէ նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող, այսպես կոչված, անվճար բուժսպասարկման արդյունավետությունն ու որակը։

Այնպես որ, համատարած կամ համապարփակ առողջապահական փաթեթին անցնելուց առաջ, կառավարությունը և, առաջին հերթին, Առողջապահության նախարարությունը նախ պետք է փորձի շտկել այսօր գործող համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու թերությունները։ Այլապես, եթե պիտի հետագայում էլ այսպես շարունակվի, ապա ոչ մի ապահովագրություն էլ մեզ չի փրկի։ Ու եթե պիտի պահպանվեն նաև հարակից վճարովի ծառայությունները, ապա ունենալու ենք այն վիճակը, որն այսօր ունենք բժշկական ապահովագրության ու դրա շրջանակներում իրականացվող սպասարկման առումով։

Վատ է, որ այդպես է։ Բայց դա ամենևին չի նշանակում, թե չպետք է մտածել բժշկական համընդհանուր ապահովագրության անցնելու մասին։ Քաղաքակիրթ աշխարհը գնում է այդ ճանապարհով։ Այլ բան է, թե դա ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է լինել։

Փաստն այն է, որ այսօր հասարակության մեծ մասը չունի լրացուցիչ գումար և պատրաստ չէ վճարել իր ապագա հիվանդության բուժման դիմաց։ Իհարկե, կան ընկերություններ, որոնք իրենց սեփական միջոցների հաշվին ստանձնել են աշխատակիցների առողջության ապահովագրության բեռը կամ դրա մի մասը։ Բայց այդպիսի ընկերությունները Հայաստանում շատ չեն։ Եղածներն էլ հիմնականում դրսի կազմակերպություններ են։

Այնքան հարուստ չէ նաև պետությունը, որպեսզի այդ ծախսերն ամբողջությամբ վերցնի իր վրա։

Այս պայմաններում միակ ելքն ապահովագրությունն է։ Բայց դրա համար նախ՝ անհրաժեշտ է ստեղծել բավարար հիմքեր։ Իսկ Հայաստանում նման հիմքեր այսօր չկան։ Այսպես գնալու դեպքում չեն լինելու նաև վաղը։

Պետք է գիտակցել, որ միայն բարի ցանկություններով առողջապահության համակարգի խնդիրները չեն լուծվելու։ Չեն լուծվելու նույնիսկ համապարփակ ապահովագրությամբ։ Դա ընդամենը մեկ քայլ է, որը չափազանց քիչ է արդյունքի հասնելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս