Թրամփը Պարսից ծոցի երկրների խնդրանքով երկու-երեք օրով հետաձգել է Իրանի դեմ հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է Իրանի դեմ հարձակումը, որը նախատեսված էր մայիսի 19-ին, քանի որ պատերազմի ավարտին ուղղված «լուրջ բանակցություններ» են ընթանում։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Կարծես, շատ լավ հնարավորություն կա, որ ինչ-որ բան կստացվի։ Եթե մենք կարող ենք դրան հասնել՝ առանց նրանց ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ», – ասել է Թրամփը մայիսի 18-ի երեկոյան Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ շատ խոշոր հարձակում էր պլանավորվում, բայց այն հետաձգվել է «կարճ ժամանակով, հուսանք՝ ընդմիշտ»։ Նրա խոսքով՝ Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցները խնդրել են իրեն սպասել երկուսից երեք օր, քանի որ կարծում են, որ մոտ են Իրանի հետ համաձայնության։

Թրամփը հավելել է, որ ներկայիս դադարը «շատ դրական զարգացում է»։ Նա միևնույն ժամանակ ընդունել է, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ համաձայնությունը շատ մոտ է թվացել, սակայն ոչինչ չի ստացվել։

«Սա մի փոքր այլ է», – նշել է նա։

Այս հայտարարությունից առաջ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Կատարի էմիրի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խնդրանքով հետաձգել է «պլանավորված ռազմական հարձակումն» Իրանի դեմ, որը պետք է տեղի ունենար մայիսի 19-ին, քանի որ «այս պահին լուրջ բանակցություններ են ընթանում»։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ դաշնակից երկրները կարծում են, որ համաձայնություն ձեռք կբերվի, որն ընդունելի կլինի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Մերձավոր Արևելքի երկրների համար։

«Այս գործարքով կնախատեսվի, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ինչը շատ կարևոր է», գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ հաշվի առնելով նշված երկրների ղեկավարների հանդեպ իր հարգանքը՝ ԱՄՆ պատերազմի նախարարին, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահին և զինված ուժերին հրահանգել է չիրականացնել նախատեսված հարձակումը, սակայն պատրաստ լինել «Իրանի դեմ լիակատար, լայնամասշտաբ հարձակման», եթե «ընդունելի համաձայնագիր» ձեռք չբերվի։

Իրանական պետական լրատվամիջոցները Թրամփի այս հայտարարությունը որակել են որպես «նահանջ»։ Ավելի վաղ իրանական մամուլը հաղորդել էր, որ մայիսի 18-ի երեկոյան Քեշմ կղզու վրա ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031