«Վստահ եմ, կողմերը բանակցային ճանապարհով չեն լուծելու այս հակամարտությունը».
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում քաղաքացիական խաղաղարարությանն ուղղված քայլերը գրավել են արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը: Օրերս՝ նոյեմբերի 17-21-ը, Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողական խմբերի փոխայցերը հակամարտող երկրներ լուսաբանել են ոչ միայն երեք կողմերի լրատվամիջոցները, այլև ռուսական, ամերիկյան և եվրոպական հեղինակավոր ԶԼՄ-ները՝ այս համաձայնությունը դիտարկելով կողմերի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի մեկնարկ: BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել էր հայ և ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագրին ու դրա կարևորությանը՝ նշելով, որ հայկական պատվիրակության կազմում եղել է նաև Լեռնային Ղարաբաղից ժամանած լրագրող:
Հեղինակավոր լրատվամիջոցը հիշեցրել էր, որ սա առաջին փոխայցն է 2001-ից ի վեր, և, որ սա հազվադեպ նախաձեռնություն է ոչ թե պաշտոնատար անձանց, այլ երկու երկրների քաղաքացիների մակարդակով, որը կազմակերպել են Երևանն ու Բաքուն՝ առանց միջազգային ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցության: Մեկ այլ հոդված էր հրապարակել ռուսական «Կոմերսանտը»՝ նշելով, որ Հայաստանին և Ադրբեջանին նախապատրաստում են խաղաղության: Ռուսական պարբերականը նշել էր, թե ըստ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս ծրագիրը հնարավորություն է տվել կողմերին ընթացիկ տարում հասնել որոշակի տեղաշարժերի հումանիտար ուղղությամբ, խոսքն առաջին հերթին՝ բանտարկյալների փոխանակման մասին է: Այսպես, հուլիսին Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովը կարողացան հայրենիք վերադառնալ:
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Կոմերսանտին» ասել էր, որ շփման գծում փոխհրաձգությունների թվի նվազումը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ծրագրի իրականացման արդյունքն է: «Վերջին 12-14 ամիսների ընթացքում իրավիճակը բարելավվել է: Իհարկե, եղել են դրա խախտման առանձին դեպքեր, սակայն նախորդ տարիների համեմատ՝ իրավիճակը կայուն է: Այս ամռանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև չխանգարել գյուղացիներին բերքահավաքի ժամանակ և չկրակել»,- ասել էր Մայիլյանը: Ռուսական թերթը զրուցել էր նաև Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ:
Ուշագրավն այն է, որ այցից անմիջապես հետո մինչ Ադրբեջանից վերադարձած հայ լրագրողներն օրեր շարունակ հյուրընկալվում են տարբեր լրատվամիջոցների և տալիս բազմաթիվ հարցազրույցներ՝ անկաշկանդորեն կիսվելով իրենց տպավորություններով, Հայաստանից վերադարձած ադրբեջանցի լրագրողները՝ Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը, լռում էին։ Միայն նոյեմբերի 25-ին ադրբեջանցի լրագրողներից մեկը կիսվեց իր տպավորություններով իր պատրաստած հոդվածում: Էլշան Ռուստամովի՝ «Ես երբեք չեմ հանդիպել ադրբեջանցու» վերտառությամբ հոդվածում նկատելի է թշնամական, բացասական և հանդուգն վերաբերմունքը, ադրբեջանական կողմի ավանդական թեզերն «ադրբեջանական տարածքների» մասին, որը հաշվի առնելով Ադրբեջանում մամուլի ազատության ներկայիս իրավիճակն ու այս այցի վերահսկողության մակարդակը Ադրբեջանի նախագահականի կողմից, կարելի է համարել ոչ թե առանձին լրագրողի դիտարկում, այլ պաշտոնական քարոզչություն: Էլշան Ռուստամովն իր պատրաստած հրապարակման մեջ փորձել էր հնարավորինս խուսափել դրական գնահատականներից՝ շեշտը դնելով միայն բացասական երևույթների վրա:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հումանիտար բնույթի այս պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ, հարց է առաջանում, թե որքանով են նման գործողությունները նպաստում կողմերի միջև խաղաղության հաստատմանը: Ամենավերջին նմանատիպ հայտարարությունը բարձր մակարդակով հնչել էր հոկտեմբերին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Նախիջևանն անջատված է Ադրբեջանից։
«Մեր միջև պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»,- ասել էր նա՝ շարունակելով, որ «ադրբեջանական տարածքներում» Հայաստանը «ոչնչացնում է մզկիթները», և այդ պատճառով Հայաստանը չի կարող համարվել իսլամական աշխարհի բարեկամ։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ անկախ ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքից՝ ժողովուրդների միջև նման հանդիպումներ, այցեր, քննարկումներ, գործողություններ կարող են կազմակերպվել: Ըստ նրա՝ նման պայմանավորվածության արդյունքում գերիներ փոխանակվեցին ամիսներ առաջ, ինչը դրական էր, և այս գիծը թույլ է տալիս իրականացնել նման փոխանակումներ, ինչը որոշ մարդկանց կյանքում դրական փոփոխություն է մտցնում: Եթե, ըստ վերլուծաբանի, կա հնարավորություն իրավիճակ փոխել փոքր հարցերում մարդկանց կյանքում, դա կարող է տեղի ունենալ:
Սակայն, Խրամչիխինի համոզմամբ, այլ հարց է, թե որքանով է սա նպաստում մեծ խաղաղությանը տարածաշրջանում: «Չեմ կարծում, որ այդ առումով սա որևէ բան է փոխելու, քանի որ վստահ եմ, կողմերը բանակցային ճանապարհով չեն լուծելու այս հակամարտությունը: Չգիտեմ, թե ինչու է նախկինում դադարեցվել ժողովրդական դիվանագիտությունը, սակայն ժողովուրդները քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներկայացուցիչների միջոցով շփման և այցերի փորձ ունեցել են, սակայն դա կարծես թե կոնկրետ արդյունքների չէր հանգեցրել: Զիջումների գնալու պատրաստակամության բացակայության վառ ապացույցն այն է, որ կողմերը շարունակում են պատրաստվել պատերազմի բանակցություններին զուգահեռ, շարունակում են ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, ավելի թույլ, բայց ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է: Բացի սրանից, բանակցություններում չկա առաջընթաց, բացի այս պայմանավորվածություններից: Իսկ դրան այլընտրանքը ռազմական սցենարն է, որը ես կանխատեսում եմ վաղ թե ուշ: Բանակցությունները երկարաձգում են այս փուլը»,- ասաց Խրամչիխինը: Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե ինչը կարող է բեկում մտցնել իրավիճակում՝ վերացնելով այն մտահոգությունները, որոնք շատ փորձագետներ ունեն: «Կողմերի դիրքորոշումները չափազանց կարծր են, փոփոխման ենթակա չեն, բայց պատերազմը ևս դրական ելք չէ, բայց ես կդժվարանամ որևէ այլ սցենար ուրվագծել»,- ասաց նա:
Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ track 2-ի վերականգնման փորձերը գոնե ինչ-որ դրական զարգացում են ԼՂ հակամարտության ողջ գործընթացում, որոնք կարող են նպաստել որոշակի վստահության ձեռքբերմանը:
«Բնականաբար, չենք կարող ասել, թե ինչ շատ ավելի լուրջ արդյունքների այն կարող է հանգեցնել, բայց շփումների առկայությունն ավելի լավ է, քան դրանց բացակայությունը: Կողմերը միմյանց մասին տեղեկություններ են ստանում առաջին ձեռքից, հնարավորություն են ունենում հարցեր ուղղելու համապատասխան մարդկանց, այդ թվում՝ պատկան մարմինների, քաղհասարակության ներկայացուցիչներին, տեսնում են տրամադրություններն իրենց աչքով: Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ նման բնույթի շփում հնարավոր է, բայց դա չի նշանակում, որ կողմերը պատրաստվում են խաղաղության: Այդ մասին հնարավոր կլիներ ենթադրել, եթե լրագրողների պատրաստած նյութերում արտացոլվեին այլ տրամադրություններ: Բայց եթե այցերից հետո կարծես որևէ փոփոխված տպավորություն չի արտացոլվում, նշանակում է, որ այս նախաձեռնություններով հնարավորություն է առաջանում շփվել, որի երկարաժամկետ արդյունքների մասին առաջին այցով, և ոչ միայն՝ լրագրողական մակարդակում, չենք կարող դատել»,- ասաց նա: