«Գրեթե վստահ եմ, որ հրաժարականի պատճառը եղել է հանձնաժողովի նախագահ չընտրվելը». Նաիրա Զոհրաբյանը՝Էդգար Շաթիրյանի հրաժարականի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ խմբակցությունը դեմ է քվեարկել քրեական ենթամշակույթի մասին նախագծին, և այդ առնչությամբ հստակ ներկայացրել են իրենց դիրքորոշումը։
«Եթե կա ռիսկ, որ այս օրենքի ընդունումից հետո գոնե մեկ անմեղ մարդ կարող է կեղծ մեղադրանքով դատապարտվել, ապա մենք դրան չենք կարող կողմ լինել, և մեր դիրքորոշումը նույնպես այդպիսին է։ Եթե կա հանցակազմ, և մարդը կատարել է հանցագործություն, նա պետք է դատապարտվի, բայց ենթադրյալ կասկածները չպետք է դառնան քրեական պատիժ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի հրաժարականին՝ պատգամավորը նշեց, որ նրա հրաժարականը պետք է գնահատի «Իմ քայլը» խմբակցությունը, որն առաջադրել էր Շաթիրյանի թեկնածությունը։
«Որևէ մեկն ինձ չի կարող հակառակում համոզել, որ հրաժարականի պատճառներն այլ են, գրեթե վստահ եմ, որ հրաժարականի պատճառն այն է, որ ինքը չի ընտրվել հանձնաժողովի նախագահ։ Այստեղ մենք գնահատելու ոչինչ չունենք, պարզապես պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածը պետք է գնահատի իմ քայլը»,- ընդգծեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը շարունակել հանձնաժողովում. «Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Է. Շաթիրյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան