Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել.Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը
Երևանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել, պարզապես տեղն է փոխվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությանը, թե արգելվել է այս տարի անցկացնել Սուրբծննդյան տոնավաճառը:
Քաղաքապետարանից փոխանցեցին, որ այս տարի Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է Հանրապետության Հրապարակին հարակից հատվածում՝ Երևանի 2750-ամյակի այգում:
Իսկ Հյուսիսային պողոտայում, որտեղ վերջին տարիներին անցկացվել է Սուրբծննդյան տոնավաճառը, այս անգամ տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն: