«Եթե Գևորգ Կոստանյանը չներկայանա, մենք ավելի մեծ ինֆորմացիա կտրամադրենք». ՀՔԾ պետը՝ «Մարտի 1»-ի գործով ներգրավված մեղադրյալների մասին
««Մարտի 1»-ի գործով եթե մեղադրյալներ են լինում և չեն ներկայանում, նրանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Արդյո՞ք արդարադատությունը նրանց կարող է հասնել, սա դուք կարո՞ղ եք երաշխավորել, որևէ մեկը կարո՞ղ է նման երաշխիքներ տալ, որ նրանք անպայման կհայտնաբերվեն: Ես կարող եմ ընդամենը ասել, որ դրա համար մենք ամեն ինչ կանենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելուն և հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ մեղադրյալների նկատմամբ տեղի կունենա արդարադատություն:
Թե ինչ կլինի Գևորգ Կոստանյանի ճակատագիրը, Սասուն Խաչատրյանը լրագրողներին հորդորեց սպասել 48 ժամ:
«Եկեք սպասենք, եթե Գևորգ Կոստանյանը չներկայանա, մենք ավելի մեծ ինֆորմացիա կտրամադրենք»,- շեշտեց նա:
Ըստ նրա՝ վարույթ իրականացնող մարմինը չի կարող հետախուզում հայտարարել այս կամ այն մեղադրյալի նկատմամբ, այդ գործառույթը վերապահված է ոստիկանությանը:
Ինչ վերաբերում է 22 օր կալանավայրում անցկացնելուց հետո ազատ արձակված ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործին ՝ նա տեղեկացրեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ էլ ասաց, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Խոսելով համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութի մասին, որտեղ ոստիկաններն անձին կտտանքների են ենթարկում, ՀՔԾ պետը նշեց, որ ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունցել 2008-2010 թվականներին, ուստի այդ ժամանակ խոշտանգման համար նախատեսված հոդվածը դեռևս ընդունված չի եղել, հետևաբար՝ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում էլ չէին կարող այդ հոդվածով քրեական գործ հարուցել:
Հարցին՝ դեպքի հետ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն առնչություն ունի՞, նա պատասխանեց, որ տեղյակ չէ և չի կարող քննության մանրամասներն ասել:
Զվարթ Խաչատրյան