«Միանշանակ գալու եմ». Գևորգ Կոստանյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օջանջանյանը:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- նշեց ՀՔԾ խոսնակը:
168.am-ը կապ հաստատեց այս պահին ՌԴ-ում գտնվող նախկին գլխավոր դատախազի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել ՀՔԾ որոշումը:
«Ես և՛ իրենց հետ պայմանավորվածությամբ, և՛ բազմիցս էլ հրապարակային ասել եմ, որ անպայման վերադառնալու եմ ու նաև ասել եմ այս պահին չվերադառնալուս պատճառը: Ասել եմ, որ դասերի եմ, ու երբ սեսիան ավարտվի, գալու եմ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Վերջինս, սակայն, չգիտի, թե ինչո՞վ է պայմանավորված այս արհեստականությունն ու հրատապությունը, եթե ինքը նրանց ասել է, որ դասընթացն ավարտվելուն պես անպայման գալու է:
«Այլ դետալների ծանոթ չեմ, ձեզնից իմացա, որ նման բան կա: Երբ որ ավելի մանրամասն ծանոթանամ, նոր այդ մասին կխոսենք: Բայց արհեստականությունը, կարծում եմ, բոլորի համար է ակնհայտ»,- նշեց նախկին գլխավոր դատախազը:
Ճշգրտող հարցին, թե այնուամենայնիվ, արդեն այս իրողության համատեքստում ինքն ինչ որոշում ունի՝ գալո՞ւ է Հայաստան, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ միանշանակ, գալու է:
«Իմ ամբողջ խնդիրն այն է, որ ես գիտեմ, որ եթե ես այս պահին գամ, ինձ առնվազն թույլ չեն տալու, որ ես հետ գամ, այդ պատճառով էլ կգամ այն ժամանակ, երբ կավարտեմ ընթացիկ դասընթացը: Այո, ես պատկերացնում եմ, որ առնվազն հիմա իմ գալու դեպքում իմ՝ երկրից դուրս գալու իրավունքը սահմանափակվելու է, հետևաբար դրա համար եմ ուզում կատարել պարտավորություններս ու հետո նոր վերադառնալ»,-եզրափակեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Գոհար Սավզյան