«Ադրբեջանցու՝ եկեղեցում հայտնվելն ու վարչապետին հարց տալը պայմանավորվածություն էր». Միհրդատ Մադաթյան
«Չեմ կարծում, որ վարչապետի անվտանգությունն այդքան թույլ էր, կարծում եմ, որ դա զգուշացված էր, պայմանավորված», – անդրադառնալով Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու այնտեղ հայտնվելուն՝ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Ըստ նրա՝ այսօր վարչապետը լուրջ պատսպարված է Հայաստանի քաղաքացիներից, բայց բաց երկխոսությունների մեջ է մտնում ադրբեջանցի բլոգերների հետ:
«Բլոգերի հարցը պոպուլիստական էր: Փաշինյանն էլ բլոգերին հակադարձեց՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի քայլերը նշելով, այն դեպքում, երբ այդ մարդկանց նկատմամբ հետապնդում է արվում»,- նշեց հոգեբանը:
Միհրդատ Մադաթյանի համար Փաշինյանի այցն Իտալիա պարզապես զբոսանք էր, քանի որ բարձր մակարդակով ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել, իսկ Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպումն էլ պարզապես պոպուլիստական քայլ էր:
«Էս մարդուն այնքան են ասել, որ ինքը փրկիչ է, որ նա իրեն նույնականացնում է Քրիստոսի հետ: Ու դա ելույթում երևաց»,- անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ ասաց Մադաթյանը:
Ըստ նրա՝ այսօր ամեն ինչ հասել է նրան, որ հանրությունը համարում է, թե «ասֆալտին ծեփելն» էլ է բարության ապացույց:
Հոգեբանը Նիկոլ Փաշինյանի՝ «թատերական բեմականացում» հիշեցնող ելույթում մեկ այլ բան է առանձնացնում:
«Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն վերջապես անվանեց չարիք: Որովհետև շուրջ 10 տարի կամ ավել, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը, ասում եմ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը, չարիք էր հանդիսանում, Նիկոլ Փաշինյանն ակտիվ ծառայում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն՝ ինքը ծառայում էր չարիքին»,- ասաց Մադաթյանը՝ հավելելով, որ դա Իտալիայից եկած հիմնական մեսիջներից է: https://168.am/2019/11/22/1208408.html
Մադաթյանը վստահ է՝ այսօրվա կառավարության խնդիրը ոչ թե Հայաստանն ինչ-որ տեղ տանելն է, այլ իր արմատներն ավելի խորը գցելը:
Հոգեբանի համար դրա վառ ապացույց է, որ չկան ոչ միայն այլ կուսակցություններին հարող համատիրությունների ղեկավարներ, այլև այն, որ երեկ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումի համաձայն՝ հեռացել էր Արթուր Վանեցյանը:
«Ֆուտբոլի ֆեդերացիան էլ պիտի իշխանություններինը լիներ»,- ասում է Միհրդատ Մադաթյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ