Բաժիններ՝

Հանրապետականները ցանկանում են Սենատում իմպիչմենթի գործընթացը սահմանափակել երկու շաբաթով

Մի խումբ հանրապետական սենատորներ եւ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին հանդիպել են՝ քննարկելու ըստ ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի հնարավոր սահմանափակումը մինչեւ երկու շաբաթ: Այդ մասին հայտնել է Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Թերթի տվյալներով՝ հանրապետականները կարծում են, որ երկու շաբաթը միանգամայն կբավականացնի, որպեսզի գործընթացը բավարար օրինականություն ստանա, բայց իրենց ու իրենց կուսակից Թրամփին էական վնաս չպատճառի:

Հանրապետականները Սենատում վերահսկում են մեծամասնությունը, եւ նրանցից ոչ մեկն առայժմ չի արտահայտվել պաշտոնազրկման օգտին:
Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ Թրամփը ողջունում է Սենատում պաշտոնազրկման հնարավոր քննարկումը եւ ակնկալում է, որ իբրեւ վկաներ հանդես կգան Բայդեններն ու գանգատի անանուն հեղինակը, որն սկիզբ դրեց պաշտոնազրկման հետաքննությանը։

Դեմոկրատներն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում հետաքննությունն սկսել են 2019 թվականի սեպտեմբերի 24-ին այն բանց հետո, երբ անանուն իրազեկիչն անհանգստություն հայտնեց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի առնչությամբ, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 25-ին:
Զրույցի ընթացքում Թրամփն, ինչպես հայտնել է իրազեկիչը, ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ նրան կոչ անելով հետաքննություն սկսել Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ինչպես նաեւ 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ուկրանիայի տարածքից ենթադրյալ միջամտության հարցով:

Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուներ, նաեւ հայտնել են, որ Թրամփը «սառեցրել է» Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը, որպեսզի ճնշում գործադրի Զելենսկու վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս