Միևնույն է, Արայիկ Հարությունյանը ձախողված նախարար է

Արդեն տևական ժամանակ է, ինչ լուրջ զարգացումներ են ընթանում կրթության ոլորտում, որտեղ ՀՀ իշխանությունները ձեռնմուխ են եղել կատարել անհասկանալի ռեֆորմներ։ Հատկանշական է, որ «զարմանալի զուգադիպությամբ»՝ այդ ռեֆորմի արդյունքում իշխանությունների թիրախում են հայտնվել բացառապես հայագիտական առարկաները, որոնք, ըստ նախագծի, նախատեսվում է հանել բուհական պարտադիր ուսուցման ծրագրից: Խոսքը Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների, իսկ դպրոցներում՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցման մասին է։

Գործող կառավարությունը բացահայտ կերպով քանիցս ցույց է տալիս, որ հայագիտական, ազգային ու կրոնական հարցերի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունի (եթե հաշվի առնենք, որ կառավարության կազմում մեծ թիվ են կազմում աթեիստները, կոսմոպոլիտներն ու թեիստները, ապա այս ամենն այդքան էլ զարմանալի չի թվում)։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, Նիկոլ Փաշինյանն ու իր «գվարդիան» անտեսում են, որ սրանք այն տիրույթներն են, որոնց նկատմամբ հանրությունը խիստ զգայուն է, և դա հանգեցնելու է լուրջ դիմադրության։ Աներկբա է, որ կրթության ոլորտում կան խնդիրներ ու դրանք միշտ էլ եղել են, քանի որ կրթությունն իրենով դինամիկ ու մշտապես զարգացող ոլորտ է, ուստի պարբերաբար պետք է տեղի ունենան բարեփոխումներ։ Սա, ըստ էության, ոչ ոք չի քննարկում ու քննադատում, բայց այդ հարցերին պետք է տալ վիրահատական լուծումներ, «բուժել» դրանք, այլ ոչ թե անդամահատել, ինչն անում է այսօրվա նախարարը՝ աչքը սարքելու փոխարեն՝ հանում են ունքը։

Այս առիթով Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Կրթական համակարգում մեր բարեփոխումները լինելու են առավելագույնս սկզբունքային, որովհետև կրթական համակարգում է ձևավորվում մեր իրականության գենետիկ կոդը»։

Թե ինչ գենետիկ կոդի ու ազգային գաղափարների մասին է խոսում «ժողովրդական վարչապետը», դա, ըստ էության, զավեշտալի է, քանի որ նման պոպուլիզմի ականատես ենք լինում տարիուկես։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը սիրում էր խոսել՝ հղում անելով «օդում կախված» լուրերին, և իր ընտանիքին պատկանող թերթի միջոցով դրանք տարածում էր։ Հավանաբար նույն՝ «օդից կախված լուրերով» Արայիկ Հարությունյանը 10 օր առաջ հայտարարեց, որ «պատրաստվում է ՀՅԴ երիտասարդների կողմից նախարարություն բերված արկղերը քրեական գործերով լցնի և հետ ուղարկի», սակայն մինչ օրս ոչ մի փաստ ու դեպք չի ներկայացրել։

Ինչպես հայտնի է՝ նախօրեին ԿԳՄՍ նախարարը հանդիպել էր ԵՊՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի մի շարք՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև նախարարի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ։

Նախ՝ բոլորն ականատես եղան, թե այդ հանդիպումն ինչ արհամարհական մթնոլորտում անցկացվեց, քանի որ Արայիկ Հարությունյանի բնորոշմամբ՝ «դասախոսների մեծ մասը կոռումպացված է», և նա, ըստ ամենայնի, պատեհ չի համարում նման «կոռուպցիոներների» հետ անցկացնել պատշաճ կարգի ու կառուցողական մթնոլորտ ապահովող քննարկում։

Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Հարությունյանի պահվածքն իրապես հարիր չէ նախարարի պաշտոնում գտնվող մարդուն, առավել ևս՝ տղամարդուն, հատկապես, երբ նրա դիմաց կին է կանգնած։

Հարությունյանն իր խոսքում ակնարկում էր անհասկանալի ինչ-որ քրեական գործերի ու մարդկանց պատասխանատվության ենթարկելու մասին։ Այսինքն՝  քաղաքական պաշտոնյան ընդդիմախոսներին սպառնում է քրեական հետապնդմամբ, ինչը նշանակում է քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար է, որը ոչ մի կապ չունի իրավունքի և իրավաբանության հետ:

Եթե իրականում նույնիսկ առկա է քրեական գործ հարուցելու հիմք, ապա դրանով չպետք է սպառնալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության: Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանը 1 տարի 7 ամիս լինելով նախարար՝ տեղյակ է եղել, որ համակարգում «լուրջ խախտումներ» և «չարաշահումներ» են տեղի ունեցել, սակայն դրանց մասին «մեծահոգաբար» լռել է, և միայն իր դեմ սկսված բողոքի ակցիաներից հետո՞ է բարձրաձայնում դրանց մասին:

Սա, քաղաքական պրիմիտիվությունից զատ՝ այլ կերպ հնարավոր չէ որակել։ Ավելի տրամաբանված կլիներ, որ Հարությունյանի մտերիմներից մեկը նրան խորհուրդ տար այդ ծանրության տակ չմտնել և չզբաղվել մանիպուլյատիվ պոպուլիզմով։

Ճիշտ կլիներ՝ Արայիկ Հարությունյանը վերջապես կողմնորոշվեր՝ ո՞վ է ինքը՝ քաղաքական պաշտոնյա՞, ոստիկա՞ն, հետաքննի՞չ, թե՞ դատախազ…:

Չէ՞ որ մի օր Ա. Հարությունյանին հարցաքննելու են, և նա ստիպված է լինելու պատասխանել մի պարզ հարցի` հանցագործությո՞ւն է պարտակել ու կոծկել, թե՞ ուղղակի բացահայտ զրպարտել է մի ողջ համակարգի:

Ինչպես հայտնի է, նախարարի հետ հանդիպմանը մասնակցող դասախոսներից մեկը՝ Ռիտա Սաղաթելյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է, և այդ փաստը երեկվա հանդիպման ժամանակ հատուկ հեգնական շեշտվեց Հարությունյանի կողմից։ Համաձայնեք, որ իսկապես ցավալի է, որ Կրթության նախարարն այդպես էլ չի հասկացել ընտանեկան, քաղաքական, կուսակցական և անձնական հարաբերությունների տարբերությունը:

Նման հարցերը, հատկապես՝ այդպիսի միջավայրում, չի կարելի լուծել շանտաժի ու սպառնալիքի միջոցով, չնայած այս իշխանության վարքագծում, բացի սպառնալիքից ու «ասֆալտին ծեփելու» մասին հոխորտանքներից, ոչինչ չենք նկատել։

Մոտավորապես նմանատիպ իրավիճակ է տիրում գրեթե բոլոր մյուս ոլորտներում, երբ նախարարներն ու ոլորտի պատասխանատուները փորձում են ամեն ինչում մեղավորներ փնտրել․ բոլորը մեղավոր են իրենց տապալումների ու ակնհայտ ձախողումների համար՝ բացի իրենցից։ Ու սրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով իշխանության գալու առաջին իսկ օրվանից սկսեց թիրախավորել նախկիններին, մեղադրանքներ հնչեցնել անգամ հանրության հասցեին (չմոռանանք հանրահայտ հայտարարությունները, որ աղքատությունը ժողովրդի գլխի մեջ է, մարդիկ են մեղավոր, որ իրենք աղքատ են, և այլն)։

Փաշինյանը հասկանում է, որ իր կառավարությունը ձախողել է, և իր հրապարակած «ֆանտաստիկ բյուջեն» ու «աննախադեպ աճերը» ոչ մի կերպ չեն կարողանալու փրկել իրեն։

Իսկ Արայիկ Հարությունյանն ակնհայտորեն տապալել է ոլորտը և չի կարողանում կատարել ռեֆորմներ, իսկ նման պարագայում տրամաբանականը նրա հեռանալն է, և դա պետք է հասկանա նաև Նիկոլ Փաշինյանը, որ, ինչքան էլ Հարությունյանն իր սիրելի ընկերն է, միևնույն է, նա ձախողված նախարար է։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս