Իրականում ի՞նչն է փորձել «հերքելով» կոծկել Տիգրան Ավինյանը

Նոյեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկի հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանել է 168.am-ի հնչեղություն ստացած մի հրապարակումն այն մասին, որ ԵԱՏՄ-ից հատուկ ծրագրով իբրև աջակցություն ստացած 4 թանկարժեք TOYOTA Land Cruiser Prado ջիփերից երկուսը փոխվարչապետ Ավինյանի ձեռամբ ծածուկ «քոռ ու փուչ է արվել»՝ անձամբ իր և իր հովանավորյալ պաշտոնյաներից մեկի բարձր կոմֆորտն ապահովելու համար։ Ընդ որում, փոխվարչապետը հրապարակված ողջ տեղեկատվության միայն դրվագն է փորձել «հերքել»՝ որ ջիփը կայանած է, իրեն չի սպասարկում, մնացած մասով իբրև ռացիոնալ ծախս է «մատուցել» ու թեման մանիպուլյատիվ շեղել է դեպի ծախսերի կրճատում։

Խոսքը ՀՀ և ՌԴ միջկառավարական համաձայնագրի մասին է, որի շրջանակներում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերվել։ Նախ կառուցվեց Այրում-Ջիլիզա սահմանային անցակետում գործող ֆիտոսանիտարական լաբորատորիան, ապա նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքների և առհասարակ Հայաստանում սննդի անվտանգության ոլորտը զարգացնելու համար Հայաստանին տրվեցին լաբորատոր նոր սարքեր ու ավտոմեքենաներ։ Եվ ահա թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ. դեկտեմբերին, Հայաստան մտած 2018թ. արտադրության 4 շքեղ ջիփերից և 3 բեռնատար գազելներից ոչ մեկը չի շահագործվել սեփականատիրոջ կողմից, փաստեր կան, որ դրանք 9 ամիս անց են ձևակերպվել Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հաշվեկշռին, ինչը տարօրինակ է։

Իսկ բարձր անցողունակության ջիփերից երկուսը (TOYOTA Land Cruiser), ինչպես նշել էինք՝ օրերս, Տիգրան Ավինյանի հրահանգով՝ վերադարձվել է կառավարություն՝ իրեն և ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին սպասարկելու համար։

Ի դեպ, հրապարակման մեջ ընդգծել էինք հեղափոխական կառավարության ներսում առկա այս «կասկածելի մտերմիկ» կապը երկու բարձրաստիճան չինովնիկների միջև՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան-ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան։ Այս կապն ուշագրավ է նրանով, որ Նոր Հայաստանի ժամանակագրության մեջ, որպես առավելություն, մի քանի դրվագներով ծառայել է ի շահ Գեղամ Գևորգյանի։ Վերջինս հեղափոխությունից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ քավոր-սանիկական կապերով հանդերձ՝ դարձավ Նոր Հայաստանի ՀՀ գյուղատնտեսության նախարար, ապա՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։ Առանձնակի պետք է շեշտել այն արտոնությունները, որ տրվեցին ՏՄՊՊՀ-ին՝ վերջինիս նշանակումից հետո՝ գերբարձր աշխատավարձի ֆոնդ, պարգևավճարի արտաբյուջե և շքեղ ծառայողական մեքենա։

Խախտվել է միջկառավարական համաձայնությունը

ՏՄՊՊՀ-ն անկախ տնտեսական կառույց է, հետևաբար՝ նրա և նրա հետ կապված որոշումները պետք է լինեն արդարացի և անկաշկանդ, թափանցիկ։ Այս հարաբերությունների ֆոնին, սակայն, այդ բոլոր պայմանները, մեղմ ասած, կասկածելի են թվում։ Վերադառնալով թեմային, նշենք՝ Տիգրան Ավինյանը, 168․am-ին հասած տվյալներով՝ նշյալ ջիփ ավտոմեքենաների հետ ստանալու «օպերացիան» կոմպենսացրել է այնպես, որ աղմուկ չբարձրանա։ Մասնավորապես, ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանին առաջարկվել է Կառավարության պետգույքին փոխանցել ջիփերից երկուսը, քանի որ ավտոսրահից հանված լրիվ նոր ջիփերն ավելորդ ճոխություն են ՍԱՏՄ-ի համար, փոխարենը՝ պետգույքից ստանալ կոմպենսացնող ցածր դասի հին և շահագործված թվով 5 սեդան մեքենաներ։ Իսկ ՍԱՏՄ պետին այլ բան չէր մնում, քան համաձայնել իր ոլորտը կուրացիա անող փոխվարչապետի հրահանգի հետ։

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանից այս մասով ևս հաստատող մեկնաբանություն ստացանք, թեև այս ամբողջ պատմությունը պաշտոնյան վերագրում է բացառապես իրեն և պնդում է, որ փոխվարչապետ Ավինյանը կապ չունի այս ամբողջ պատմության հետ, անձամբ ինքն է որոշել, որ գույքն ավելորդ է, և սեփական նախաձեռնությամբ պայմանավորվել է բացառապես Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ։ Ստացվում է՝ կառավարության երկու օղակներում ՌԴ-ից ստացված միջկառավարական համաձայնագրի կատարումը «մասնակի չեղարկվել է»՝ առանց ոլորտների կուրացիա անող փոխվարչապետի իմացության՝ լոկալ տիրույթում։

Թե որքանո՞վ կարելի էր այս պնդումներն արժանահավատ համարել, սա լուրջ հարց է, ուստի թողնում ենք ընթերցողի դատին։

Մինչդեռ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այս գործարքից շատ բան չի հիշում. նա չկարողացավ հիմնավորել, թե ինչո՞ւ է ՏՄՊՊՀ նախագահին, իր ունեցած ծառայողական մեքենայով հանդերձ, ավելի շքեղ ու նորը տրամադրվում։ Ավելին, Ն. Բաբայանը չի հերքում և չի հաստատում այն, որ քննարկվող TOYOTA Land Cruiser Prado-ներից մեկը շահագործվում է Տիգրան Ավինյանի կողմից՝ իբրև ծառայողական մեքենա։

«Ես չեմ կարող հերքել կամ հաստատել այդ տեղեկությունը, մեքենան կայանված է վարչապետի աշխատակազմի պարկում, այսինքն՝ շահագործվում է, թե ոչ՝ ես տեղեկություն չունեմ, չեմ կարող ոչինչ ասել։ Իսկ թե ինչո՞ւ է այնտեղ կայանվել, ասեմ՝ մեքենան շքեղ է, նոր է, և նպատակահարմար էր Կառավարության տարածքում պահել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տվյալ մեքենայի փաստացի իրավատերը համարվող և դրա թիվ 1 պատասխանատու Նարեկ Բաբայանը։

Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանումներին, ապա ասենք, որ մեր համառ զանգերն ու այցելությունները դեպի այս կառույց այդպես էլ անպտուղ մնացին։ Գեղամ Գևորգյանը խուսափում է մեկնաբանություններ տալ՝ զանազան անհիմն պատճառաբանություններով։

Իսկ ի՞նչ չի ասել իրականում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

Նկատենք երկու կարևոր հանգամանք՝

ա) փոխվարչապետն իր ելույթում չհերքեց մեր հրապարակած տեղեկությունը, որ հատուկ ՍԱՏՄ-ի զարգացման համար ստացված ռուս գործընկերոջ նվերն իր կամքով, այսպես ասած, խլվել է այդ կառույցի ձեռքից, և ընդամենը Գեղամ Գևորգյանի կոմֆորտն ապահովելու համար՝ այդպիսով փոշիացվել է որպես ռեսուրս։

բ) Տիգրան Ավինյանը հարկ չի համարել իր պարզաբանման մեջ մանրամասնել, թե օրինակ՝ ի՞նչ հաշվարկներով են ամենագնացներն առանց մեկ ժամ բանեցնելու՝ գնահատվել ավելորդ ճոխություն, մանավանդ, որ դրանք տրվել էին կարիքների գնահատման հիման վրա, որը մինչ այդ իրականացվել է ՌԴ գործընկերոջ հետ համատեղ։ Ընդգծենք, ձեռքբերման փաստաթուղթը ստորագրել է նույն ՍԱՏՄ ներկայիս պետ Գեորգի Ավետիսյանը, նա, ով առաջինն է ստացած նվերն ավելորդ շքեղություն համարել և հրաժարվել դրանից, որպեսզի փոխվարչապետի ցանկությունն ի կատար ածվի։

գ) Ի՞նչ է կորցնում հայկական կողմը, և ի՞նչ է շահում ռուսական կողմը 2 նոր ամենագնաց ջիփ՝ հին 5 սեդանի դիմաց «ռակիրովկայի գործարքից», երբ խախտվում է ՌԴ-ի հետ միջկառավարական համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունը, և նպատակային ծրագրով հատկացված տեխնիկան թույլ չի տրվում ծառայեցնել նպատակին, փոխարենը՝ այն համարվում է ավելորդ ճոխություն և կցվում «իքս» պաշտոնյային (ներին)՝ մայրաքաղաքում՝ Երևանում նրանց ճոխ ու հարմարավետ երթևեկն ապահովելու համար։

դ) Տիգրան Ավինյանը երեկ ԱԺ-ում կարծես միտումնաբար շրջանցեց և բովանդակային պարզաբանում չտվեց, թե այնուամենայնիվ ինչո՞ւ է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հատկացվել բարձր դասի նվեր ջիփերից մեկը՝ այն դեպքում, երբ վերջինս ուներ ծառայողական մեքենա, ընդ որում՝ շատ լավ վիճակում։ Ըստ մեր աղբյուրների՝ Գեղամ Գևորգյանն իրեն արժանի չի համարել նստել մի քանի տարվա շահագործած TOYOTA-ն, բայցև նոր ավտոմեքենա պահանջելիս՝ հրաժարվել է հինը հանձնել Պետգույքի կառավարման կոմիտե։ Նախկինում Արտակ Շաբոյանին սպասարկած TOYOTA CAMRY 065 SS 50 համարանիշով մեքենան, որ ունի մի քանի տարվա պատմություն, այսօր էլ կայանված է ՏՄՊՊՀ-ի ավտոպարկում։

Հետևաբար՝ հարց է առաջանում, առկա՞ է հիմնավորված կարիքի գնահատում նորընտիր ՏՄՊՊՀ նախագահի կողմից, ինչո՞վ է առաջնորդվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պաշտոնյաների միջև տարբերակված մոտեցում ցուցաբերելիս, ինչո՞ւ է կառավարությունը եղած պահանջարկների մեջ՝ ջիփը կցելիս, նախապատվությունն այս պաշտոնյանին տվել՝ ըստ այդմ շրջանցելով կառավարության որոշումը, որով կարգավորվում է ծառայողական մեքենաներ տրամադրելու կարգը (մեքենայի հզորություն, արժեք, կառույցի ղեկավար):

Արդյո՞ք այս դեպքում որոշիչ չի եղել փոխվարչապետ Ավինյանի հետ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի մտերիմ կապի գործոնը։

Ահա այս ամենի պարզաբանումը երեկ չստացանք, փոխարենը՝ փոխվարչապետ Ավինյանն առիթն օգտագործելով՝ լավագույնս «ինքնափիառվեց» ծառայողական ավտոպարկի կրճատումների ծեծված թեմայի մեջ և կոծկեց քննարկվող կարևոր թեման։ Ավելին, չստացանք նաև հարցի պատասխանը, թե արդյոք Երևանում տեղաշարժվող ՏՄՊՊՀ նախագահի ինչի՞ն է պետք բարձր անցողունակության ջիփը, որը տրվել է սահմանային անցակետում գործող ֆիտոսանիտարական լաբորատորիայի աշխատանքների համար։

Սյուզի Բադոյան

Հ․Գ․ Մի բան ակնհայտ է, կա պայմանավորվածության խախտում՝ հանուն ոչնչի։ Իսկ դա նշանակում է, որ այս մոտեցումն անհետևանք չի մնա ՌԴ գործընկերոջ հետ հետագա աշխատանքային հարաբերությունների ֆոնին և փոխվստահության դաշտում։ Իսկ ապագայում կդրսևորվե՞ն որոշակի վերապահումներ հայկական կողմի հանդեպ, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։

Տեսանյութեր

Լրահոս