Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարական դաշնակից» չէ. civilnet.am

Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը էականորեն փոխում է արտաքին քաղաքականության նկարագրությունը նախորդ հնգամյա ծրագրի համեմատ։ Ամենաակնառու փոփոխություններից մեկը վերաբերում է Ռուսաստանին. հինգ տարի առաջ որպես Հայաստանի «ռազմավարական դաշինք» և «դաշնակցային հարաբերություններ» նկարագրվող կապերն այժմ ներկայացվում են որպես վերափոխման ենթակա գործընկերություն։

Փոխվել է նաև արտաքին քաղաքականության աշխարհագրական տրամաբանությունը։ Եթե 2021-ին Ռուսաստանի հետ հարաբերությունները փաստաթղթում առաջինն էին, ապա նոր ծրագրում Մոսկվան հայտնվել է ութերորդ տեղում՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Եվրոպական միությունից, Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից հետո։

Միաժամանակ 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքականության առանցքային թեմաներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը, նոր փաստաթղթից անհետացել է։ Նախորդ ծրագրում առանձին գլուխ էր հատկացված Ղարաբաղյան հիմնախնդրին, իսկ կառավարությունն իրեն հայտարարում էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։

«Ռազմավարական դաշինքից»՝ վերափոխվող գործընկերություն

2021-ի կառավարության ծրագիրը Ռուսաստանի դերը սահմանում էր արդեն անվտանգության և արտաքին քաղաքականության բաժնի սկզբում։ Առանձին ենթաբաժինը վերնագրված էր՝ «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը»։

Այդ ժամանակ կառավարությունը նախատեսում էր շարունակել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունների հագեցումը։ Ծրագրում նշվում էր նաև, որ Գորիսի և Սիսիանի շրջաններում ստեղծվել են ռազմաբազայի հենակետեր, իսկ ռուս սահմանապահների ներգրավվածությունը Հայաստանի պետական սահմանի պահպանությանը պետք է ընդլայնվեր։ Դրան հաջորդում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին առանձին հատված, որտեղ Երևանը խոստանում էր ակտիվորեն ներգրավված մնալ կառույցի աշխատանքներում։

Նույն մոտեցումը շարունակվում էր արտաքին քաղաքականության առանձին գլխում։ Ռուսաստանը երկրների շարքում առաջինն էր, և կառավարությունը հայտարարում էր, որ Հայաստանը «շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը»։ Նախատեսվում էր ակտիվացնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և խորացնել համագործակցությունը ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում։ Ռուսաստանի դերը կարևորվում էր նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

2026-2031 թվականների ծրագրի բառապաշարը սկզբունքորեն այլ է։

Ռուսաստանին նվիրված կետը վերնագրված է՝ «Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում»։ Դրանում ասվում է, որ «շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը»։

Կառավարությունն այս անգամ խոսում է «տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման» մասին։

Նոր ծրագրում, փաստորեն, Ռուսաստանի հետ հարաբերությունները նկարագրելիս այլևս չեն օգտագործվում «դաշնակցային հարաբերություններ», «ռազմավարական գործընկերություն» կամ «հայ-ռուսական ռազմավարական դաշինք» ձևակերպումները։

Տարբերությունն առավել նկատելի է նույն փաստաթղթում այլ երկրների վերաբերյալ օգտագործված բառապաշարի ֆոնին։ Իրանի հետ հարաբերությունները բնութագրվում են որպես «ռազմավարական բնույթ ունեցող», իսկ Վրաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի դեպքում ծրագիրն ուղղակիորեն խոսում է ռազմավարական գործընկերության կամ դրա խորացման մասին։

Ռուսաստանը առաջինից դարձել է ութերորդը

Փոփոխությունը միայն բառապաշարը չէ։ Փոխվել է նաև երկրների հերթականությունը, որը ցույց է տալիս կառավարության արտաքին քաղաքականության նոր կառուցվածքը՝ թերևս նոր առաջնահերթություններով։

2021-ի արտաքին քաղաքականության գլխում երկկողմ հարաբերությունների շարքը սկսվում էր Ռուսաստանից։ Դրան հաջորդում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն ու անդամ պետությունները։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առանձին կետից հետո ներկայացվում էին Իրանը և Վրաստանը։ Ավելի ուշ առանձին կետերով անդրադարձ էր կատարվում Ադրբեջանին, Թուրքիային, ապա Չինաստանին, Հնդկաստանին և Ճապոնիային։

2026-ի ծրագիրը սկսվում է բոլորովին այլ տրամաբանությամբ՝ հարևաններից՝ Ադրբեջան, Թուրքիա, Իրան և Վրաստան։ Այս երկրներին հաջորդում են Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը։

Այս հերթականությունը համահունչ է նոր ծրագրում հռչակված «տարածաշրջանացման» սկզբունքին։ Կառավարությունը այն սահմանում է որպես քաղաքականություն, որի նպատակը սեփական միջավայրում «առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է»։ Այդ համատեքստում կառավարությունն առանձնացնում է Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը։

Նոր փաստաթուղթն արտաքին քաղաքականությունը նաև բնութագրում է որպես «հավասարակշռված և հավասարակշռման» քաղաքականություն, որի խնդիրն է թույլ չտալ արտաքին հարաբերությունների անհամաչափություններ կամ ունենալ դրանք հավասարակշռելու գործիքներ։

Այս ձևակերպումը ևս զգալիորեն տարբերվում է 2021-ի մոդելից, որտեղ Ռուսաստանը ոչ միայն գլխավոր երկկողմ գործընկերն էր, այլև Հայաստանի անվտանգության ճարտարապետության առանձին հենասյուն։

ՀԱՊԿ-ն անհետացել է արտաքին քաղաքականության օրակարգից

Ռուսաստանի կարգավիճակի փոփոխության հետ կապված մեկ այլ էական տարբերություն ՀԱՊԿ-ն է։

2021-ի ծրագրում կառույցը բազմիցս էր հիշատակվում։ Անվտանգության բաժնում կար «Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին» առանձին ենթաբաժին։ Կառավարությունը հայտարարում էր, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ ներգրավված լինել կազմակերպության աշխատանքներին և կատարելագործել հավաքական անվտանգության մեխանիզմները։ Արտաքին քաղաքականության գլխում էլ ՀԱՊԿ-ն անվանվում էր Հայաստանի «անվտանգային համակարգի կարևորագույն օղակ»։

Նոր ծրագրի արտաքին քաղաքականության բազմակողմ հարթակների ցանկում նշվում են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և Եվրոպական քաղաքական համայնքը։ Կառավարությունը նաև նախատեսում է աշխատել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ։ ՀԱՊԿ-ն, որին անդամակցությունը Հայաստանը սառեցրել է 2024-ի փետրվարին, այդ շարքում չկա։

Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ն պահպանվում է որպես առանձին ուղղություն։ Նոր ծրագիրը խոստանում է շարունակել աշխատանքը միության ներսում աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։

Այս տարբերակումը ցույց է տալիս, որ Մոսկվայի հետ տնտեսական ինստիտուցիոնալ կապերը ծրագրում պահպանվում են, մինչդեռ Ռուսաստանի շուրջ կառուցված նախկին անվտանգային լեզուն զգալիորեն նահանջել է։

Civilnet.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31