Բաժիններ՝

Փոխվարչապետ Գրիգորյանը «Ֆիթչ»-ի պատվիրակությանը ներկայացրել է Կառավարության բարեփոխումների շրջանակը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, ովքեր իրականացնում են Հայաստանի սուվերեն վարկանշման գործընթացը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կողմից կատարված և կատարվելիք աշխատանքը՝ մեծ նշանակություն տալով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից երկրի կարևորագույն ոլորտներում առկա իրավիճակի վերլուծությունը և գնահատումն իրականացնելու գործընթացին:

«Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության առաջ քաշած առանցքային բարեփոխումների շրջանակը:

Մհեր Գրիգորյանը խոսել է նաև կապիտալ շուկայի զարգացման կարևորության մասին՝ նշելով, որ դա հանդիսանում է Կառավարության ամենօրյա օրակարգի հարցերից մեկը:

Փոխվարչապետը ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում ակնկալվող բարեփոխումների հիմնական շրջանակը՝ որպես առաջնային խնդիր առանձնացնելով գործառույթների ճիշտ ալգորիթմների ձևավորումն ու թվայնացումը:

Անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականությանը, ինչպես նաև պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ, փոխվարչապետը նշել է մեր երկրի առավելություններն ու տնտեսության զարգացման հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս