Հայաստանը կսահմանի ատոմային էներգիայի ոլորտում աշխատողների հուսալիության ստուգման կարգ
ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է ատոմային էներգիայի աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգ սահմանել: Նախագծերի հրապարակման միասնական կայքից, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ, ինչը ներկա իրավական կարգավորումներով հնարավոր չէ ապահովել:
Մասնավորապես, ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման հետ կապված հարաբերությունները կարգավորված են Կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի որոշմամբ հաստատված կարգով, որով այդ անձանց հուսալիության ստուգումն իրականացվում է միայն աշխատանքի ընդունման ժամանակ:
«Նման կարգավորումը բացառում է որոշակի պարբերականությամբ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման գործընթացը: Բացի այդ, հուսալիության վերստուգման հնարավորություն նախատեսված չէ նաև այն դեպքում, երբ ստացվում են տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձանց հուսալիությունը»,- նշված է նախագծում:
Կարգով ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներ անձի մուտքի թույլտվության մերժման հիմք է նախատեսում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում առկա տվյալները վերջինիս կողմից կազմակերպված հանցավոր կամ ծայրահեղական խմբավորումների հետ կայուն կապերի մասին:
«Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ առկա են լինում անձի` հանցավոր խմբավորումների հետ առնչվելու վերաբերյալ այնպիսի տվյալներ, որոնք պարունակում են ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության սպառնալիքներ, սակայն դրանցով հնարավոր չէ հիմնավորել անձի` հանցավոր խմբավորումների հետ կայուն կապի առկայությունը:
Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման ընթացքում հաճախ անհրաժեշտություն է առաջանում հարցումներ ուղարկել տարբեր մարմիններ, ինչպես նաև իրականացնել այլ ժամանակատար գործողություններ, ինչի պատճառով հաճախ խնդիրներ են առաջանում կարգով սահմանված ժամկետները պահպանելիս»,- նշված է նախագծում: