«Ոչ մեկին Հայաստանում ռենտգենի տակ չեն անցկացրել, ինչպես իրեն: Փաստորեն ոչ մի բան վրան չեն գտել». Վազգեն Մանուկյանը՝ Հրայր Թովմասյանի մասին 

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ-ի շուրջ իրավիճակի հետ, որում մասնավորապես նշել էր.

«Արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ես շատ մտահոգված եմ մի կողմից՝ Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտից»:

Նա նաև զսպվածության կոչ էր արել կողմերին:

168.amի խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձավ այս հայտարարությանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասելով.

«Որ գալիս ես իշխանության, քեզ թվում է, որ ամեն ինչը քեզ է պատկանում, և դու պետք է բոլոր հարցերը լուծես: Ես հիշում եմ, որ նման իրավիճակ կար նաև 1990 թվականին, սկզբում, երբ նոր էինք եկել իշխանության:

Բայց իրականում ցանկացած երկրի ղեկավար ունի սահմանափակումներ, իշխանության երեք ճյուղերի տարանջատումը շատ կարևոր է:

Երբ գալիս ես իշխանության, պետք է իմանաս, որ կա անկախ մամուլ, որին ձեռք տալ չես կարող, դու չես կարող ասել՝ սև մամուլ, սպիտակ մամուլ, դու չես կարող ասել, որ՝ ՍԴ-ն ինձ պետք է ենթարկվի: Այսինքն՝ ցանկացած ղեկավար գտնվում է շատուշատ սահմանափակումների մեջ, և այդ սահմանափակումներից մեկն անկախ Սահմանադրական դատարանն է»:

Հանրային խորհրդի նախագահի կարծիքով՝ նախկինում ՍԴ-ն անկախ էր ֆորմալ տեսակետից և չնայած ինքնուրույնությանը՝  գտնվում էր Գործադիր իշխանության ազդեցության տակ, իսկ հիմա, ըստ նրա, աննախադեպ իրավիճակ է.

«ՍԴ նախագահը մի մարդ է, որը շատ ինքնուրույն է, ենթարկվում է օրենքներին. ոչ մեկին Հայաստանում ռենտգենի տակ չեն անցկացրել, ինչպես իրեն: Փաստորեն ոչ մի բան վրան չեն գտել, ուրեմն էդ մարդը կոռուպցիոներ չի, մաքուր մարդ է, իրավաբան է, և այլն:

Ինքը հիմա պայքարում է ոչ թե պաշտոնը պահելու համար, այլ ՍԴ-ն անկախ պահելու համար:

Գնում են աղջիկներին են հարցաքննում, հորը հարցնում են, թե կտուրը որտեղի՞ց, սանիկին են բռնում, հիմա էլ կպան՝ էս թուղթը ճի՞շտ օրն է ներկայացրել. ոչ միայն ծիծաղելի է, այլև դա նորմալ պետությանը հարիր չէ»:

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք այս գործընթացը որակում է քաղաքական հետապնդում ՍԴ նախագահի հանդեպ, Վ. Մանուկյանը պատասխանեց.

«Ոչ թե քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, այլ իրեն հետապնդում են, որ տեղն ազատի՝ իրենց ուզած մարդուն նշանակեն. տեղի հարցն է»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս