«Ես նման տեղեկատվություն չունեմ, որ Արսեն Բաբայանի անչափահաս երեխաների հետ տեսակցությունն արգելել են, եթե նման թյուրիմացություն է եղել, իհարկե, դա ընդունելի չէ». ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ աշխատակազմի նախագահի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեսակցությունների արգելմանը՝ նշեց, որ յուրաքանչյուր դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
«Տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում: Հենց այս նկատառումներից ելնելով էլ արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա: Այս դեպքը յուրահատուկ է հենց իրավական տեսանկյունից»,- նշեց ՀՔԾ պետը:
Նրա խոսքով՝ խափանման միջոց կալանավորումն ընտրվել է հենց միայն նրա համար, որպեսզի բացառվի նրա շփումն այլ անձանց հետ:
Հարցին՝ այսինքն՝ Արսեն Բաբայանը վտանգավոր հանցագո՞րծ է, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ լրագրողները հարցեր են տալիս, որոնք պատասխաններ չունեն:
«Ես նման տեղեկատվություն չունեմ, որ նրա անչափահաս երեխաների հետ տեսակցությունն արգելել են, եթե նման թյուրիմացություն է եղել, իհարկե, դա ընդունելի չէ»,- շեշտեց նա:
Հաջորդ հարցին՝ եթե Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացներ, Արսեն Բաբայանին կձերբակալեի՞ն, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ Թովմասյանի հրաժարականը քրեական գործի հետ որևէ առնչություն չունի:
Զվարթ Խաչատրյան