Բաժիններ՝

Շենգավիթի շուկայում թանկացում չի լինի, սակայն տնօրինությունն իր «օրենքի» դաշտում փորձում է «նեղել աշխատողներին»

Նախորդ շաբաթ Շենգավիթի շինանյութի շուկայի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել: Պատճառն այն էր, որ շուկայի տնօրենն աշխատակիցներին ասել էր, որ տաղավարների վարձավճարները թանկանալու են, սակայն չէր մանրամասնել, թե թանկացման պատճառները որոնք են։ Գործադուլի ընթացքում աշխատակիցներից մի քանիսը հանդիպել էին տնօրենի հետ, որը հուսադրել էր, որ առայժմ թանկացումներ չեն լինելու, որից հետո էլ աշխատակիցները դադարեցրել էին իրենց գործադուլը՝ հայտարարելով, որ այդքան էլ արժանահավատ չէ, որ թանկացում չի լինի։

168.am-ի հետ զրույցում շուկայի աշխատակիցներից Վարդան Կեսոյանն ասաց, որ տնօրինությունը հետ է կանգնել իր որոշումից, սակայն աշխատակիցների համար  ոչ ֆորմալ կլինի թանկացում։

«Մենք տարածքներ ունեինք, որ շուկան ավտոմատ մեզ տրամադրել էր, հիմա  աշխատելու ենք՝ ըստ պայմանագրերի, այսինքն, եթե նախկինում այդ տարածքներում կարող էինք մեր ապրանքը դնել, հիմա պայմանագիր ենք կնքելու և հավելյալ գումար վճարենք։ Օրինակ՝ ենթադրենք՝ խանութն է, ու դրա դիմաց փոքր գծանշան կա, այդ գծանշանը չպետք է անցնենք այն կողմ՝ թեկուզ մեկ սանտիմետր։ Մեկ է, ստացվում է որ մեր բիզնեսն է տուժելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այս պահին սկսվել է մի գործընթաց, որ շուկայի տնօրենն իր «օրենքի» դաշտում փորձում է իրենց նեղել, քանի որ պայմանագրում նշված է, թե քանի սանտիմետր պետք է չանցնեն, որքան տարածք պետք է զբաղեցնեն, և այլն, ինչն էլ, այսպես թե այնպես, անդրադառնալու է իրենց բիզնեսի վրա։

Կարդացեք նաև

«Այսինքն՝ այնպես է ստացվում, որ այդ պայմանները մեզ համար ձեռնտու չեն, քանի որ ստացվում է, որ հավելյալ տարածք առնենք ու մեր ապրանքը ներկայացնենք»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ շուկայի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ի հետ հեռախոսազրույցում շուկայի տնօրեն պարոն Նավոյանն ասաց, որ թանկացում նախատեսված չէ, ու իր համար անհասկանալի է, թե ինչու են բողոքում։ Զրույցի վերջում էլ հորդորեց, որ այլևս այդ հարցով իրեն չզանգահարենք։ Ինչն էլ առաջացրել էր բողոքողների զարմանքը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս