«Ես կպաշտպանեմ մարդու իրավունքները ինչպես Իսպանիայում, այնպես էլ արաբական երկրներում»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, մեկնաբանելով իրավիճակը Կատալոնիայում, ասել է, որ միշտ պայքարելու է մարդու իրավունքների պահպանման համար:

«Այո, ես կարծում եմ, որ այլ երկրների մարդիկ նույնպես չպետք է լռեն: Բայց, որպես կանոն, բոլորը միշտ նայում են միայն իրենց շրջապատի իրավիճակին, և երբ դա չի վերաբերում նրանց, նրանք չեն միջամտում… Բայց նրանք պետք է միջամտեն: Եվրոպան պետք է միջամտի: Մարդիկ իրոք չեն հավատում:

Եթե ես նրանց կարիքն ունենամ, նրանք կարող են ինձ վրա հույս դնել՝ պաշտպանելու մարդու իրավունքները: Այստեղ, արաբական երկրներում, ցանկացած վայրում: Ես կպաշտպանեմ մարդու իրավունքները ինչպես Իսպանիայում, այնպես էլ արաբական երկրներում, ամենուր։ Մենք պետք է պայքարենք ռասիզմի, գենդերային խտրականության դեմ, պայքարենք տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների համար, և ես միշտ կանեմ դա: Կարևոր չէ, թե երբ և որտեղ։

Մենք չենք դադարի պայքարել, քանի դեռ բռնաճնշումները չդադարեցվեն: Մենք դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ չի հարգվում ինքնորոշման իրավունքը, ինչպես դա արվել է Շոտլանդիայում և Քվեբեկում:

Մենք պահանջում ենք ժողովրդավարական լուծում Իսպանիայի կառավարությունից: Ի՞նչ ենք մենք խնդրում, Իսպանիա, եկեք նստենք և խոսենք»,- ասել է Գվարդիոլան։

Ավելի վաղ իսպանացի և կատալոնացի քաղաքական գործիչ, Կատալոնիայի խորհրդարանում ընդդիմության առաջնորդ Ինես Արիմադասը քննադատել էր Գվարդիոլային՝ նշելով, որ նա գումարներ է ստանում արաբական երկրներից և հեշտորեն քննադատում է Իսպանիային:

«Ես հիանում էի Գվարդիոլայով՝ որպես ֆուտբոլիստ և մարզիչ, բայց պետք է դատապարտեմ նրա ստերը՝ որպես «քաղաքական գործիչ»:

Իսպանիային զրպարտելը շատ համարձակ է՝ մոռանալով Կատարից հարստանալը։ Նա սրա մասին չի խոսում։ Մեր ժողովրդավարությունը, որը չի խախտում օրենքը, հարմար է մեր գաղափարախոսությանը: Սա ոչ թե տարաձայնությունների, այլ ապստամբության մասին է»,- գրել էր Արիմադասը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտել է կատալոնական ինը պաշտոնյաների և քաղաքական գործիչների՝ 2017 թվականի խռովության գործով և 2017 թվականին կայացած անկախության հանրաքվեի համար։

Առավելագույն ժամկետը ստացել է Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Օրիոլ Յանկերասը՝ 13 տարի: Մնացած ամբաստանյալները դատապարտվել են 9-12 տարի ժամկետով:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս