Հազարավոր սատկած ձկներ՝ Խաչենի ջրամբարի ափերին
«Բնապահպանական աղետ Արցախում»,- այս մասին հոկտեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Դոլուխանյանը՝ կից տեղադրելով տեսանյութ, որտեղ Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին գտնվող Խաչեն ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են:
Բնապահպանական աղետ Արցախում:Սա Խաչենագետի ջրամբարն է: Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Կոչ եմ անում պատկան մարմիններին' Բնապահպանության, Ջրային տնտեսության և իրավապահ մարմիններին զբաղվել այս խնդրով:Հ.Գ. Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Սարսանգի ջրամբարի Դրմբոնի հանքի ափամերձ գոտում, որի մասին բոլորն աշխատել են լռել և աչք փակել:
Gepostet von Vladimir Dolukhanyan am Samstag, 19. Oktober 2019
«Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Սարսանգի ջրամբարի Դրմբոնի հանքի ափամերձ գոտում, որի մասին բոլորն աշխատել են լռել և աչք փակել»,- գրել է Վլադիմիր Դոլուխանյանը:
Վերջինս մեզ հայտնեց, որ հստակ չէ, թե երբ են ձկները սկսել սատկել: Ըստ Վլադիմիր Դոլույանի, մարդիկ ջրամբարի մոտով անցնելիս տեսել են, որ փայլփլող ձկներ կան, այդ ամենն ուղեկցվում էր գարշահոտությամբ:
Այս դեպքին իր ֆեսյբուքյան էջում անդրադարձել է ԱՀ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի խորհրդական Հարութ Մնացականյանը՝ հայտնելով, որ առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար:
«Հարգելի Վլադիմիր Դոլուխանյան, սիրելի ընկերներ, նյութին ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ դեպքի մասին տեղյակ եմ պահել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետին ու բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետին։
Առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար, կուսումնասիրվի նաև տեղանքը, որից հետո նոր միայն հնարավոր կլինի պարզել պատճառները։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է նախարարի տեղակալի կողմից»,- գրել է Հարութ Մնացականյանը: