Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

1․ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից այն տրանսպորտային միջոցները, որոնք արդեն իսկ գրանցված և/կամ հաշվառված են ճանապարհային ոստիկանությունում, գրանցման և/կամ հաշվառման հետագա գործողությունների՝ առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, ժառանգության ընդունման, խոտանման, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը փոխելու, կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորը ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու կարիք չկա, եթե դրանք վերասարքավորված չեն կամ չեն կատարվել համարակիր ագրեգատների՝ շարժիչի, թափքի կամ գույնի փոփոխություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 123․4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2․ Տրանսպորտային միջոցի գրանցման և/կամ հաշվառման գործողությունների ընթացքում չի ստուգվելու ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունը։

Սակայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի (ԱՊՊԱ) 5-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

– Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր՝ առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5․000 դրամի) չափով․

– Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100․000 դրամի) չափով:

Հորդորում ենք՝ ավտոտրանսպորտային միջոցի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր։

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս