«Մեզ բոլորիս զգուշացրել էին, արդեն ԱԺ-ից հնչել էին, որ ուրիշ ձևեր են գտնելու և անելու են». Լարիսա Ալավերդյան

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հրավիրելը միջազգային և ներպետական նորմերի ցուցադրական խախտում է:

Ըստ իրավապաշտպանի՝ նման գործընթացները սպասելի էին. «Էմոցիոնալ ազգ ենք, ու այդ առումով՝ դա ցնցել է, բայց արդյո՞ք որևէ մեկը սպասում էր, որ այլ ձևով պետք է ընթանան գործընթացները, ո՛չ, մեզ բոլորիս զգուշացրել էին, երբ ՍԴ-ն ուղղակի դեռ տվել էր այդ հաղորդագրությունը, արդեն ԱԺ-ից հնչել էր, որ ուրիշ ձևեր են գտնելու և անելու են»:

Բանախոսը սա սպասելի համարեց՝ նաև հիշելով գաղտնալսման հայտնի միջադեպը. «Երբ գաղտնալսումը եղավ, սկսեց մեկնաբանվել զուտ մի տեսակից, թե ով է գաղտնալսվել, այլ ոչ թե՝ ինչ: Ամբողջովին ճանապարհը շեղվում է իրավական պետության ճանապարհից:

Չոր իրավաբանականով, եթե գործը հարուցվել է, կարող են գնալ և հրավիրել, բայց այստեղ զուտ իրավաբանական առումով չէ, որ հասարակությունն ալեկոծվում է. խնդիրը նրա մասին է, որ այս մեկուկես տարվա ընթացքում մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով փոփոխում են հասարակության մի մասի գիտակցությունը: Կիրառվում են արևմտյան դասագրքերում նկարագրված տեխնոլոգիաները, որի հետևանքը հասարակության պառակտումն է»:

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից նուրբ դիտարկումը, որ չի կարելի որևէ ձևով ճնշել, որը, սակայն, ըստ նրա՝ չի հասկացվել. «Ոտքը սեղմել են, «սախաթ» է եղել»:

Նա նաև դիմեց ԱԺ բոլոր պատգամավորներին, քանի որ անձնական պատասխանատվություն ունեն ընտրողների առջև.

«Դիմում եմ նաև ԱԺ պատգամավորներին՝ հանդես գալ երկու առումով, մեկը՝ այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի նկատմամբ, արդյո՞ք համարում են, որ դրանք իրավաչափ գործողություններ են, և արդյո՞ք նրանք կիսում են այն հայհոյախառն իրենց ջատագովներ հանդես եկող անձանց մոտեցումները. արդյո՞ք չեն կարծում, որ հայհոյանքը ՀՀ քաղաքացու հանդեպ հայհոյանք է Հայաստանի հանդեպ»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս