«Ակնհայտ էր՝ ոչ լեգիտիմ ՍԴ-ն ծաղրելու է լեգիտիմ ընտրված Ազգային ժողովին». Լևոն Զուրաբյան
«Կարծում եմ՝ ԱԺ-ի այս քայլը ոչնչով չհիմնավորված մի նախաձեռնություն էր, որի հետևանքները նախապես կանխատեսելի էին: Ակնհայտ էր, որ Սահմանադրական դատարանը, որը լեգիտիմ մարմին չէ, ծաղրելու է լեգիտիմ ընտրված Ազգային ժողովին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի այն նախագծին, որը ներկայացրել էին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար, և որը ՍԴ-ի կողմից մերժվեց:
Ըստ նրա՝ պետք է իշխանությունը և ԱԺ մեծամասնությունը պատասխանի, թե ինչու էին դիմել նման քայլի, քանի որ, Լ. Զուրաբյանի կարծիքով՝ այդ քայլն անիմաստ էր և ինչ-որ առումով՝ նաև վտանգավոր:
«Մենք բոլորս տեսնում ենք, որ կա ՍԴ-ի հետ կապված ճգնաժամ՝ կապված այն տարընթերցման հետ, թե ո՞վ է ՍԴ անդամ և ո՞վ՝ դատավոր: Քանի որ այս խնդիրները կան, ուրեմն մենք ունենք մի Սահմանադրական դատարան, որը չունի լեգիտիմություն: Եթե այս ամենով հանդերձ՝ Ազգային ժողովը դիմում է ՍԴ-ին, դրանով ակամա ճանաչում է նրան՝ որպես լեգիտիմ մարմին, ինչը պետք չէր անել»,- շեշտեց Լ. Զուրաբյանը:
Նրա դիտարկմամբ՝ ամբողջ երկիրը չի կարող պատանդ լինել քրեապետական վերջին մնացորդին, ուստի պետք է իրականացնել լեգիտիմ իշխանության վերջին ակտը և այդ մարմինը վերադարձնել ժողովրդին:
«Լուծումը շատ պարզ է, պետք է իշխանության համապատասխան մարմինները՝ Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների խորհուրդը, նշանակեն դատավորների և ձևավորեն նոր լեգիտիմ մարմին, որն ունի բոլորի վստահությունը»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների կողմից ԱԺ նախագծի մերժմանը, Լևոն Զուրաբյանն ասաց, որ այդ դատավորները պաշտպանել են իրենց նշանակած «հանցագործ կլանին և մաֆիայի օրենքների համաձայն՝ մինչև վերջ այդ գործն անում են»:
Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ, եթե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել մինչև պատգամավորական մանդատի վայր դնելը, ապա նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը և Ֆելիքս Ցոլակյանն էլ նախարար են դարձել, Լևոն Զուրաբյանն ասաց, որ, եթե նման բան է եղել, ապա այդ հարցը պետք է լուծվի:
Զվարթ Խաչատրյան