«Մեր երեխաներն ու մենք, մի քանի օր է՝ ոչինչ չենք կերել»
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերթական հրապարակումն է արել քուրդ ահաբեկիչներին չեզոքացնելու իրենց գործողությունների մասին: Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունների սկզբից ավելի քան 140 ժամ հետո քրդական կողմի զոհերն արդեն 550-ն են: Ռազմական գործողության հետևանքով զոհվել են նաև 11 խաղաղ բնակիչ, 3 արտասահմանցի լրագրող:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 հազար մարդ տարհանվել է Սիրիայի հյուսիսային շրջաններից: Մի քանի օր է՝ հարյուրավոր ընտանիքներ առանց սնունդի ու կենցաղային պայմանների ապաստան են գտել կիսաքանդ տներում, դպրոցներում: Խաղաղ բնակիչները չեն հասկանում, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը աչք փակել Թուրքիայի այս քայլերի վրա:
«Ես աշխարհից մի բան եմ ուզում հարցնել: Ինչո՞ւ է Էրդողանը մեզ հետ այսպես վարվում: Աշխարհը փակել է աչքերը ու չի ուզում տեսնել մեզ հետ կատարվածը: Մեր երեխաներն ու մենք, մի քանի օր է՝ ոչինչ չենք կերել: Մենք սոված ենք»,- ասում են քրդերը:
Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնեց Սիրիայի հյուսիսը քրդերից ազատագրելու իր որոշման մասին: Ըստ նրա՝ պատճառը այն է, որ քուրդ ահաբեկիչները զբաղեցրել են սիրիական հյուսիսը: Պաշտոնական Անկարայի նպատակը Եփրատից մինչև Իրաք հատվածը ազատագրելն ու այնտեղ Թուրքիայում ապաստանած սիրիացիներով բնակեցնելն է:
«Այս գործողության նպատակը ահաբեկչական միջանցքի վերացումն է, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը: Մենք կպահպանենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը և տեղական համայնքենրը կազատագրենք ահաբեկիչներից»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Պաշտոնական Անկարայի գործողությունները ոչ մի երկիր չի ողջունում: Բոլորը դատապարտում են Թուրքիայի քայլը, բայց միայն կոչերով: Թուրքական կողմն էլ սպասում է ՆԱՏՕ-ի աջակցությանը՝ ժամանակ առ ժամանակ հայտնելով իր շարքերում ընդամենը մի քանի զոհի մասին:
«Չնայած տեղի ունեցածին, մեր ուժերը դեռ պահպանում են այն բանտերը, որտեղ պատիժ են կրում իսլամական խմբավորման անդամները: Մենք միջազգային հանրությանը չենք սպառնում իսլամական խմբավորումներով: Պարզապես ուզում եմ ասել, որ այս դեպքում մենք 2 տարբերակ ունենք: Կամ պետք է պաշտպանենք աշխարհը իսլամական խմբավորումներից ու թույլ տանք, որ այսօր մեր երեխաները մեռնեն, կամ պետք է պաշտպանենք մեր երեխաներին թուրքական հարձակումներից»,- Եվրոպայի անգործության մասին խոսելիս՝ ասաց Սիրիայի ժողովրդավարական խորհրդի անդամ Հիկմատ Հաբիբը:
Համացանցում երբեմն հայտնվում են տեսանյութեր, որոնցում քրդական ուժերը պարում են, երգում՝ այդ կերպ փորձելով բարձրացնել մարտական ոգին:
Եվրոպայի փողոցներում զանգվածային ցույցեր են: Քրդական սփյուռքը պահանջում է ժողովրդավար Եվրոպայից՝ վերջ տալ Թուրքիայի գործողություններին, Էրդողանն էլ հայտարարում է՝ չի պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում:
Պատրաստեց Աքսաննա Հայրապետյանը