Ոչ թե «տրիումֆ», այլ՝ շանս Ալիևին

Երեկ Աշգաբադում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ այս ձևաչափով պետությունների ղեկավարները արծարծել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման հրատապ հարցերը, ներկայացրել ապագա խնդիրների վերաբերյալ իրենց տեսլականները:

Սա՝ արարողակարգային հատվածով, սակայն բուն նիստի ժամանակ մենք ականատես եղանք մի իսկական տրագիֆարսի կամ վատ բեմադրված թատերական ակտի, որի մասին՝ հիմա ավելի հանգամանորեն։ Խորհրդի նիստի ժամանակ տեղի ունեցավ մի միջադեպ, որը դարձավ հայկական շրջանակների ուշադրության թիրախ։ Իրեն հատկացված ելույթի ժամանակահատվածում Իլհամ Ալիևը խոսեց ֆաշիզմի դեմ մասսայական պայքարի մասին և նշեց, որ «զարմանալի է, թե ինչու է Հայաստանում աջակցվում ֆաշիզմը, և ֆաշիստ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Երևանի սրտում»։

Նա նաև վիրավորական հայտարարություններ հնչեցրեց Գարեգին Նժդեհի վերաբերյալ՝ նրան համարելով «ֆաշիստական գեներալ, ով պայքարել է ԽՍՀՄ-ի դեմ»։

Ալիևի ելույթին ի պատասխան՝ Փաշինյանը հակադարձեց նրան՝ ներկայացնելով Նժդեհի իրական գործունեությունը և մանրամասներ հրապարակելով Նժդեհի պետականաշինության ներդրման գործից, այսինքն՝ խոսեց Նժդեհի վաստակի ու կատարած հերոսությունների մասին, ի դեպ, ոչ մի անգամ չհնչեցնելով «հերոս» և «ազգ» տերմինները։ Այս ամենից միանգամից կարելի է եզրակացնել մի տրամաբանական եզրույթ. այն է՝ այս մեկուկես տարվա ընթացքում ինչքան նաիվ է դրսևորել իրեն Նիկոլ Փաշինյանը, այնքան դիլետանտական սխալներ է գործել և արտաքին պլատֆորմում, և դիվանագիտական քաղաքականության առումով, և Արցախի բանակցային գործընթացում, որ Ալիևի զառանցանքին նորմալ ու ադեկվատ հակադարձման փաստը ամբողջ հայաստանյան մեդիատիրույթում դարձել է տարբեր մեմերի ու զանգվածային թրոլինգի առիթ։

Ըստ էության՝ Փաշինյանի կոշտ հակադարձումը բնական ռեակցիա է, երբ տալիս է մի երկրի ղեկավարն իր ոխերիմ հակառակորդին, կամ, այլ կերպ ասած, զարմանալու ու տրիումֆի առիթ ընդհանրապես չկա, կատարվածի մեջ ոչ մի արտաառոց ու գերմարդկային ոչինչ չկա, նորմալ աշխատանքային բնականոն գործընթաց, ինչը և պետք էր դրսևորել դեռևս մեկուկես ամիս առաջ։

Իրականում կարելի է նաև հասկանալ հայ հանրությանը, հատկապես այն սեգմենտին.  մարդիկ երկար էին սպասում այս դրսևորմանը ու հենց դրա համար էլ այս «էյֆորիկ փոթորիկն» են սկսել։ Այստեղ փաստենք մի առանցքային դրվագ ևս.  հենց Փաշինյանն է Ալիևի «բերանը լեզու դրել», որպեսզի նա կարողանա քննադատել և ինչ-որ ալեգորիաներով խոսել ՀՀԿ-ի և նախկին իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ՝ այն համարելով «չստացված»։

Փաշինյանն է թույլ տվել Ալիևին խաղալ իր հակահանրապետական տրամադրվածությունների վրա և միջազգային համաժողովի ձևաչափում ակնարկներ անել ՀՀԿ-ի հասցեին։

Ըստ էության՝ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ընդգծել, որ իր խոսքում Ալիևը հատուկ է շեշտել ՀՀԿ-ի անունը, որպեսզի հասկանա Նիկոլ Փաշինյանի ռեակցիան, և խաղա Փաշինյանի նախաձեռնած սև արշավի վրա, որը բացահայտ կազմակերպվել է ՀՀԿ-ի դեմ վերջին մեկուկես տարվա ընթացքում, իսկ մինչ այդ՝ որպես պատգամավոր։ Տեղին է փաստել, որ Սերժի ժամանակ, երբ էլի տեղի էին ունենում տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ, Պուտինի ներկայությամբ Ալիևն իրեն երբեք թույլ չի տվել խոսել նման հռետորաբանությամբ, առավել ևս՝ Գարեգին Նժդեհի ու նրա «ֆաշիստների հետ համագործակցության» ցնդաբանության մասին։

Ըստ էության Ալիևի տեքստի մեջ ինչ-որ նորություն և հայտնագործություն չկար, և նա հանգիստ այդ ամենը կարող էր հայտարարել, ասենք, երկու տարի առաջ. Ալիևի ասելիքի մեջ նորությունը միայն հայտարարության փաստն էր, որը տեղի ունեցավ Պուտինի ներկայությամբ։

Ալիևը հստակ գիտակցում էր, որ Սերժի ժամանակ նման արտահայտություն անելու դեպքում նա կփոշիանար, ասել է թե՝ Ալիևը, նման տեքստ ասելիս, հույս է ունեցել, որ ՀՀԿ-ին շեշտելու հանգամանքը «կսղղացնի»։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս