Այս պահին Սիրիայից Հայաստան վերադառնալ ցանկացողներ դեռևս չկան. ԱԱԽ քարտուղար

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայկական ընտանիքները հիմնականում դուրս են եկել «Անվտանգության գոտուց», որի մասին Թուրքիան խոսում է, և միակ քաղաքը, որտեղ այս պահին հայեր կան՝ Ղամիշլին է, որն իրենց ուշադրության կենտրոնում է։

«Այնտեղի հայերի և հոգևոր առաջնորդների հետ կապի մեջ ենք, փորձում ենք հասկանալ, թե իրենք ինչի կարիք ունեն, ինչ խնդիրներ կան, նրանց բոլոր խնդիրները մեր օրակարգում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։

Ըստ նրա, եթե անհրաժեշտություն լինի, ապա Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշում կկայացնեն,  միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ այդ տարածքում հումանիտար օգնություն ուղարկելը, այն էլ՝ ավիացիայի միջոցով, դժվար կլինի, քանի որ Ղամիշլիի ամբողջ տարածքը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ։

Նա նաև ընդգծեց, որ, եթե Սիրիայից հայերը պատրաստակամություն հայտնեն գալու Հայաստան, ապա եղած ամբողջ ռեսուրսները նրանց համար կտրամադրեն, սակայն այս պահին Հայաստան վերադառնալ ցանկացողներ դեռևս չկան։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս