Թեհրանը հաստատել է Կարմիր ծովում իրանական լցանավի վրա հարձակման վարկածը
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հոկտեմբերի 11-ին հաստատել է, որ իրանական լցանավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել: Այդ մասին հայտնել է Press TV իրանական հեռուստաալիքը:
ԱԳՆ-ում նշել են, որ լցանավի վրա գրոհել են երկու անգամ, ինչից հետո այն վնասվածքներ է ստացել: Նախարարության ներկայացուցիչը նաեւ ասել է, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում է: Նա չի նշել հարձակման հնարավոր մեղավորներին: Ավելի վաղ լցանավի սեփականատեր Իրանի ազգային նավթընկերությունը հայտնել է, որ Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից մոտավորապես 96 կմ հեռավորության վրա գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն է
Պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ին եւ 05:20-ին: Սկզբնապես հաղորդվել էր, որ պայթյունների հետեւանքով հրդեհ է առաջացել , բայց ավելի ուշ ընկերությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Լցանավի անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել է, որ Կարմիր ծովում իրանական լցանավի դեմ ձեռնարկված գրոհը հանգեցրել է նավթի մեծ արտահոսքի եւ շրջակա միջավայրի զգալի աղտոտման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: