Բաժիններ՝

«Ես բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սա շատ լուրջ հաջողություն է, հույս ունեմ, որ այդպես կշարունակվի». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում մեծ ոգևորությամբ արձանագրեց, որ այժմ գտնվում ենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում, և չկա այն աղմուկը, որն այս փուլում միշտ առկա էր լինում։

«Սա, կարծում եմ՝ հիշարժան փաստ է, որովհետև ես չեմ հիշում նման բան, որ խաղաղի մթերման ժամանակ կառավարությունը սթրեսային և ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Ես բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սա շատ լուրջ հաջողություն է, հույս ունեմ, որ այդպես կշարունակվի: Սա պատահականություն չէ, կապված է այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկել ենք նախորդ տարվանից սկսած՝ ՊԵԿ-ի միջոցով»,- հայտարարեց Փաշինյանը։

Ներկայացնելով խաղողի մթերման տվյալները՝ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ այս տարի մթերվել է մոտ 160.000 տոննա խաղող, որը 37 տոկոսով ավելի է 2018 թվականի ցուցանիշից, սակայն կոնյակի համար մթերվող խաղողի գինը 150-155 դրամ է, որը փոքր-ինչ բարձր է անցած տարվա գնից:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ իրեն մտահոգություններ են հասել, որ խաղողի մթերումների և ընդհանրապես ներկայացվող վիճակագրությունն այնքան էլ իրական չէ, և մենք խնդիրներ ունենք վիճակագրության մեթոդաբանության հետ։

Ի պատասխան վարչապետի մտահոգության՝ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշեց, որ խաղողի մթերումների վիճակագրություն չի վարվել, և իրենք հավաքագրում են արտադրված գյուղմթերքը:

Վարչապետը հարցրեց՝ իսկ այգիների հաշվառում չի՞ արվում, քանի որ «շան գլուխն այդտեղ է թաղված»։

Ստեփան Մնացականյանը պատասխանեց, որ դա արվում է համայնքապետարանների կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031