«Սա շարունակվելու է, որովհետև մարդկանց թվալու է, որ նման արարքներով իրենք շողոքորթում են գործող իշխանություններին». Փաստաբանը՝ «Հայելի» ակումբի դեմ հարձակման մասին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը համոզված է, որ «Հայելի» մամուլի ակումբի դեմ իրագործված ակցիան նախկինում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերի հանդեպ ոչ համարժեք արձագանքի հետևանքն է: Այս մասին նա նշեց լրագրողների հետ հանդիպմանը՝ նկատելով, որ դրանք կունենան շարունակական բնույթ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է՝ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

«Հեղափոխությունից հետո եղավ առաջին դեպքը՝ «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի հանդեպ Մարալիկում կազմակերպված հարձակումը. արդեն մեկ տարի է՝ պայքարում ենք, որ քրեական գործ հարուցվի: Ակնհայտ, ուղիղ եթերում տեղի ունեցող հանցագործություն է՝  ասում են՝ ինչ է եղել, բան չի եղել: Հարձակվեցին, և պետությունը դա համարեց նորմալ, դա դրա բնական շարունակությունն է»,- ասաց Տ. Աթանեսյանը:

Փաստաբանը հիշեց «Ռեստարտ» խմբի անդամների կողմից իրականացված մեկ այլ աղմկահարույց միջադեպ. «Երբ Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվեցին, միտք չանցավ անգամ, որ պետք է կալանավորել. Ես բողոք եմ ներկայացրել դատախազին, որ ստորագրություն չի կարելի ընտրել՝ պետք է ավելի խիստ խափանման միջոց լինի, բայց դատախազությունը չարձագանքեց: Դրա հետևանքներ են,  և եթե այս անգամ էլ  համարժեք խիստ քրեաիրավական որակում չտրվեց, սա շարունակվելու է, որովհետև մարդկանց թվալու է, որ նման արարքներով իրենք շողոքորթում են գործող իշխանություններին»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նույնպես կարծում է, որ միջադեպին համարժեք արձագանք պիտի տրվի. «Հանրային տրամադրությունները հանգստացնելու համար հայտարարվեց, որ քրեական գործ է հարուցվել:

Ընդ որում՝ քրեական գործը հարուցվել է լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով, սակայն այստեղ նոր էլեմենտ է ներմուծվում՝ հավկիթներով հարձակում (նրանք ամենևին չէին ցանկանում դրանով սահմանափակվել. ափսոսանք էին հայտնում, որ դուռը փակ էր): Եթե մեր պետությունը սա խուլիգանություն չի որակում, նշանակում է՝ կանաչ լույս է վառում այս տիպի ակցիաների համար»:

Ռ. Մելիքյանը խորհուրդ տվեց իրավապահ մարմիններին՝ վերաորակել գործը (խուլիգանություն)՝ այդպիսով կանխելով նոր ակցիաների կրկնությունը. «Պետք է կանխել այս ամեն ինչը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս