«ՍԴ-ի հարցը չպետք է դարձնել հայոց հարց». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ Ստրասբուրգից «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապեցին վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի փակ քվեարկությանը, որի արդյունքում ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակների մոտ Մարուքյանը գործընկերոջ հետ մնացել է միայնակ:
«Այդ քայլը նորմալ եմ գնահատում, այն քաղաքական քայլ է, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր առաջնահերթությունները: Դա նրանց որոշումն է, եթե ասել են, որ բոլորը պետք է մասնակցեն քվեարկությանը և հետ գան գործուղումներից, ապա ես չեմ կարող դա որևէ կերպ մեկնաբանել: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների հարձակումներին, ապա դա եղել է երկուշաբթիից ուրբաթ, այսինքն՝ դա եղել է ամեն օր, ամեն թեմայով: Առաջին երեք օրերին, երբ եղել են «Իմ քայլի» պատգամավորները, նրանք էլ են խոսել, հետևաբար՝ չեմ կարծում, որ այնտեղ իմ մենակ մնալու հարց կար»,- խորհրդարանում նշեց Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագծին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ հիմքեր տեսնում է:
«Սա առաջին սահմանադրական պրոցեսն է, որին մենք կողմ ենք, քանի որ գտնում ենք, որ կան կարգապահական խախտման հիմքեր: Եթե Սահմանադրական դատարանը մերժի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին դիմումը, ապա պետք է հստակ պատճառաբանում ներկայացնի, թե ինչն է եղել որոշման հիմքում։ Եթե ՍԴ-ն գիտի, որ չկան համապատասխան հիմքեր, ապա այլ մեխանիզմ նախագծում առկա հիմքերն առաջ մղելու չկա։ Հետևաբար, ցանկացած որոշման հետ պետք է հաշվի նստենք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Հարցին՝ կպաշտպանե՞ն ՍԴ-ին քրեաիրավական գնահատական տալու՝ Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը, նա պատասխանեց, որ քրեաիրավական գնահատականի տեղ չի տեսնում։ Ավելին, եթե նման բան լինի, ապա «Իմ քայլը» դաշինքը ներկայացրած կլիներ:
«Եթե Գագիկ Հարությունյանը շուտ է հրաժարական տվել, Հրայր Թովմասյանը շուտ է առաջադրվել, ո՞ր հոդվածով հետապնդվի: Կարող է՝ շատ պոպուլյար բան է ասելը, որ բոլորին պետք է կախել կամ գնդակահարել, բայց պետք է նաև հաշվի առնել մեր ունեցած հնարավորությունները: Այս հարցը չպետք է լինի ՀՀ օրակարգի առաջին հարցը։ ՍԴ-ի այդ խնդիրը դարձվել է իդեա-ֆիքս, հայոց հարց, շատ սխալ է, որովհետև եթե մի հարց դու դարձնում ես «հայոց հարցը», հետո գնում ես ու չես կարողանում լուծել, դա հետևանքներ է ունենալու քո համար: Հետևաբար՝ հարյուր անգամ ասացինք՝ ՍԴ հարցը չպետք է դարձնել «հայոց հարցը», կա կարգապահական խախտում, դրա համար դիմել ենք, կտեսնենք՝ ինչ կլինի»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:
Զվարթ Խաչատրյան