«Հրապարակվել է 2 թիվ, որոնցից մեր բանակի մասին գլոբալ հետևություն անել հնարավոր չէ». Ալթունյանը՝ Փաշինյանի հրապարակած ՀՀ ԶՈՒ տվյալների մասին

Ադրբեջանական կողմն ավելի լայն հետևություններ ու հաշվարկներ չի կարող անել այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալների հիման վրա, քանի որ չեն նշվում զորամասերի անունները, տեղանքը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետի կողմից ՀՀ ԶՈՒ-ին վերաբերող տվյալների հրապարակման փաստին:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով զինծառայողների կերակրման նոր համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցության արդյունքները, նշել է, թե քանի զորամասում քանի զինծառայող է սնվում նոր համակարգի համաձայն, ինչը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում՝ որպես գաղտնի տեղեկատվության հրապարակում:

Գևորգ Ալթունյանը պարզաբանեց, որ տեղեկատվությունը լինում է ամբողջական, որից կարելի է դատողություններ անել կոնկրետ զորամասի, դրա թվաքանակի և այլ մանրամասների մասին: Այս դեպքում, նրա խոսքով, չի հրապարակվել տեղեկատվություն, թե խոսքը կոնկրետ որ զորամասերի մասին է, իսկ զորամասը կարող է լինել՝ ինչպես 20 հոգանոց, այնպես էլ՝ շատ ավելի մեծ:

«Կա ճաշարանների և զինվորների ընդհանուր թիվ, այսինքն՝ զինվորների այդ թիվը չի նշանակում որևէ թիվ, որից կարելի է դատողություններ անել մեր բանակի կամ կոնկրետ զորամասի անձնակազմի և թվաքանակի վերաբերյալ: Հրապարակված տվյալներում որևէ թիվ, որևէ մանրամասն չկա, որը կարող էր դիտարկվել՝ որպես հավելյալ տեղեկատվություն մեր բանակի անձնակազմի, թվակազմի կամ զորամասերի տեղակայման վայրերի և այլնի մասին»,- մեկնաբանեց Ալթունյանը:

Գևորգ Ալթունյանի վստահեցմամբ՝ ադրբեջանական կողմն ավելի լայն հետևություններ ու հաշվարկներ չի կարող անել այս տվյալների հիման վրա, քանի որ չեն նշվում զորամասերի անունները, տեղանքը:

«Ընդամենը 20 զորամասի մասին փաստը լսելով՝ դժվար է հասկանալ, թե այդ զորամասերից որում որքան անձնակազմ կա, այսինքն՝ կա երկու թիվ, որոնցից գլոբալ հետևություն անել հնարավոր չէ»,- ընդգծեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Տեսանյութեր

Լրահոս