Դերասան Ջեյմս Ֆրանկոն մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ. The New York Times
Երկու կանայք դերասան Ջեյմս Ֆրանկոյին եւ դերասանական վարպետության դպրոցի նրա գործընկերներին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը:
Նրա տվյալներով՝ հայցը ներկայացվել է Լոս Անջելեսի օկրուգի Գերագույն դատարան: Երկու կանայք՝ Սառա Թիթեր-Քափլանը եւ Թոնի Գաալը, պնդում են, որ Studio 4 դերասանական վարպետության դպրոց ընդունվելիս, որի տնօրենը եւ հիմնադիրը Ֆրանկոն է, իրենք սեռական ոտնձգությունների են ենթարկվել 41-ամյա դերասանի եւ ռեժիսորի, ինչպես նաեւ նրա գործընկերների կողմից:
Կանայք նշում են, որ Ֆրանկոն իրենց մասնակցություն է խոստացել նախապատրաստվող ֆիլմերին՝ դրա դիմաց առաջարկելով մասնակցել սեռական բնույթ կրող նկարահանումների: Ընդ որում, ինչպես ընդգծում է թերթը, ֆիլմերը, որոնց մասին ասել է դերասանը, չեն թողարկվել: Հայցատուների խոսքով՝ դերասանի ու նրա գործընկերների գործողությունները բերել են նրան, որ դպրոցում եւ նրա սահմաններից դուրս հաստատվել է «ոտնձգությունների եւ սեռական շահագործման մթնոլորտ»: Հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ Ֆրանկոյի նկատմամբ արդեն առաջադրվել են նման բնույթի մեղադրանքներ, այդ թվում հենց Թիթեր-Կապլանի կողմից:
Ֆրանկոն ճանաչում է ստացել 1999 թվականին «Խուլիգաններն ու օրինավորները» սերիալի թողարկումից հետո, որում խաղացել է գլխավոր դերերից մեկը: Հետագայում նկարահանվել է հիմնականում կատակերգություններում, ինչպես նաեւ մասնակցել է ռեժիսոր Սեմ Ռեյմիի սարդ-մարդի մասին գերհերոսական եռերգությանը (2002, 2004, 2007 թթ.):
Ռեժիսոր Մարկ Ռայդելի «Ջեյմս Դին» կինոնկարում (2001 թ.) խաղացած գլխավոր դերի համար ստացել է «Ոսկե գլոբուս»: «Օսկար» մրցանակի է անվանակարգվել «127 ժամ» դրամայում (2010 թ.) կատարած դերի համար: Հանդես է եկել որպես «Վայ-արարիչը» (2017 թ.) ֆիլմի ռեժիսոր, ինչպես նաեւ խաղացել է գլխավոր դերը, որի համար անցյալ տարի ստացել է իր երկրորդ «գլոբուսը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: